Ամերիկացի հայրիկը հեքիաթային հագուստներ է կարում իր ողջ ընտանիքի համար (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում բնակվող Նեֆի Գարսիան մասնագիտությամբ հագուստի դիզայներ է ու շատ է սիրում թեմատիկ հագուստներ կարել իր, կնոջ ու 3 երեխաների համար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը ստեղծագործում է դիսնեյյան մուլտֆիլմերից հայտնի հերոսների թեմայով: Նրանք 5-ով հաճախ են գնում «Դիսնեյլենդ», որտեղ այցելուներին ի ցույց են դնում իրենց հեքիաթային կոստյումները:
«Ամեն ինչ սկսվեց 1.5 տարի առաջ, երբ մենք որոշեցինք առաջին անգամ «Դիսնեյլենդ» գնալ, ու այդ կապակցությամբ դստերս համար կարեցի արքայադստեր շոր: Փոքրիկ Լիլին այդ հագուստով անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունը: Հետո մենք որոշեցինք Instagram-ում էջ բացել ու այնտեղ ի ցույց դնել դիսնեյյան մուլտհերոսների ոճով կարված զգեստները»,-պատմել է Գարսիան:
Նա նաև հավելել է, որ լուսանկարների հրապարակումից հետո մեծ ճանաչում է ձեռք բերել, ու այժմ թեմատիկ հագուստների պատվերների պակաս չի զգում:
Հետաքրքրական է, որ ընտանիքն անցած 1.5 տարում «Դիսնեյլենդում» է եղել 128 անգամ:

















