#ElectricYerevan-ի հայտնի լուսանկարի հերոսները 1 տարի անց ամուսնացել են
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի օրերից՝ #ElectricYerevan-ից անցել է ուղիղ մեկ տարի: Այդ օրերին Բաղրամյան պողոտայում հայտնի խոսքերի, պաստառների և լուսանկարների պակաս չկար, դրանցից մեկի հերոսուհին էլ ՀՀ քաղաքացի Հելենա Մելքոնյանն էր:
Դեպքերից մեկ տարի անց Tert.am-ը զրուցել է նրա հետ. Հելենա Մելքոնյանի խոսքով՝ ի տարբերություն քաղաքական կյանքի, անձնական կյանքում փոփոխություններ կան:
Ըստ նրա՝ Բաղրամյան պողոտան պայքարի ձև էր և խնդրի լուծման տարբերակ, սակայն Բաղրամյան պողոտայում պայքարն արդյունավետ չէր։
«Արդյունքի հասնելու հարցում մեզ խանգարեց իրար չհասկանալը, պառակտումը, սադրանքներին տրվելը։ Մի խումբ մարդիկ համարեցին, որ իրենք են որոշում ընդունողը, և դրանք այն հիմնական խնդիրներն են, որ քաղաքացիական պայքարների ժամանակ գլուխ են բարձրացնում` ջուրը լցնելով հսկայական աշխատանքը»,-ասաց Մելքոնյանը:
Բաղրամյան պողոտայում արված լուսանկարի հերոսուհին տեղեկացրեց, որ Բաղրամյանի դեպքերի 1-ամյակի նախաշեմին ամուսնացել է այդ նույն լուսանկարում պատկերված երիտասարդի՝ Հայկ Աբելյանի հետ. «Ես ու ամուսինս Բաղրամյան պողոտայում չենք հանդիպել, մենք տևական ժամանակ է՝ միասին ենք: Մեր բախտը բերել է այնքանով, որ մեր քաղաքական հայացքները բավականին համընկնում են, և դա ամենակարևոր հարցերից մեկն է: Միասին ենք գնացել գրեթե բոլոր ակցիաներին, այդ օրերին էլ միասին էինք, իսկ հայտնի լուսանկարն արվել է այն պահին, երբ Հայկը եկել էր Բաղրամյան պողոտա, և մենք բարևում էինք: Սակայն այդ լուսանկարը մեծ աղմուկ բարձրացրեց՝ իբր մենք ստում ենք և այլն»։
Մելքոնյանի խոսքով` Բաղրամյան պողոտայում բազմաթիվ դրական դեպքեր են գրանցվել, սակայն ամենադրականն այն էր, որ այդ ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են ծանոթացել, սիրել միմյանց և անգամ ամուսնացել են:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015թ. հունիսի 17-ին որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Ըստ որոշման` օգոստոսի 1-ից սակագինը 1 կՎտ/ժ-ի դիմաց պետք է բարձրանար 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում՝ ՀԷՑ-ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
ՀԾԿՀ-ի որոշմանը դեմ գնալով՝ հազարավոր մարդիկ հավաքվել էին Բաղրամյան պողոտայում և պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը սակագնի բարձրացման վերաբերյալ:
Բողոքի ակցիաներից երկու ամիս անց ՀՀ կառավարությունն ընդունեց էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման մասին որոշման նախագիծ՝ սուբսիդավորելով որոշ շերտերի էլէներգիայի ծախսի մի մասը։








