Ճապոնիայում բնակվում է 100 տարեկանից բարձր ավելի քան 65.000 բնակիչ

16:26 • 13.09.16

Վերջին տվյալների համաձայն՝ ներկայում Ճապոնիայում ապրում է 100 տարին բոլորած 65.692 մարդ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ համապատասխան տվյալները Ծերության հարգանքի օրվա նախաշեմին հրապարակել է երկրի առողջապահության նախարարությունը:

 

Աղբյուրը նկատում է, որ սա երկրի պատմության ընթացքում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Հետաքրքրական է, որ երկարակյացների ճնշող մեծամասնությունը՝ 88%-ը, կանայք են: Հայտնի է, որ 65.692 երկարակյացից ընդամենը 8.000-ն է արական սեռի ներկայացուցիչ:

 

Նշվում է, որ Ճապոնիայի ամենածեր բնակչուհին, ով ծնվել է 1900թ., ապրում է Կագոսիմա պրեֆեկտուրայում: Մինչդեռ ամենածեր բնակիչը՝ 112-ամյա Մասամիցու Յոսիդան, ապրում է Տոկիոյում:

 

Առողջապահության նախարարության համաձայն՝ երկարակեցության մակարդակի աճը պայմանավորված է բժշկական սպասարկման որակի բարելավմամբ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ  Ծերության հարգանքի օրվա կապակցությամբ նախարարությունը 100 տարեկանի շեմը հատած յուրաքանչյուր բնակչի ուղարկում է պատվոգիր ու արծաթե գավաթ:

Ճապոնիայում բնակվում է 100 տարեկանից բարձր ավելի քան 65.000 բնակիչ