Փորձում եմ այնպես անել, որ գոհացնեմ թե՛ հանդիսատեսին, թե՛ ռեժիսորին, թե՛ ամբողջ անձնակազմին. Զիրոյանը՝ առաջիկա ծրագրերի, նոր համագործակցությունների

16:04 • 28.09.26

Զիրոյանը շարունակում է ներկայանալ նոր դերերով ու նախագծերով։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ոչ միայն նրա նոր աշխատանքի, այլև վերջին շրջանի ստեղծագործական փոփոխությունների, տարբեր կերպարներում ներկայանալու, առաջիկա նպատակների, սոցիալական էջերում ակտիվության և անձնական կյանքը հանրայնացնելու իր վերաբերմունքի մասին։

Խոսելով վերջին շրջանի ստեղծագործական կյանքի մասին՝ Զիրոյանը նշել է, որ շարունակում է ստանալ տարբեր նախագծերում հանդես գալու առաջարկներ, ինչպես նաև շարունակում է հանդես գալ թատրոնում։

«Որպես դերասան՝ տարբեր նախագծերի առաջարկներ եմ ստանում, նաև ներկայացումներ ունեմ Կամերային թատրոնում։ Վերջինը «Մակբեթն» է։ Էական փոփոխություն այս փուլում չեմ առանձնացնի»,– նշեց նա։

Զիրոյանը հաճախ է հանդիսատեսի առաջ ներկայանում հումորային կերպարներով, սակայն, նրա խոսքով, դերասանի համար կարևոր է կարողանալ իրեն դրսևորել տարբեր ժանրերում։

«Դերասանը պետք է բոլոր կերպարներում կարողանա իրեն լավ դրսևորել։ Եթե դրամատիկ կերպար է, պետք է կարողանա կերտել, եթե կոմեդիայի ժանր է՝ նույնպես։ Դերասանի ճկունությունն է հենց դրանից կախված։ Ես փորձում եմ մաքսիմալ այնպես անել, որ գոհացնեմ թե՛ հանդիսատեսին, թե՛ ռեժիսորին, թե՛ ամբողջ անձնակազմին»,– ասաց նա։ Դերասանն ունի նաև նպատակներ, որոնց մասին, սակայն, նախընտրում է չխոսել։ «Նպատակ, իհարկե, կա, բայց ես երբեք նպատակներս չեմ բարձրաձայնում։ Նախ անեմ, ավարտեմ, հետո կխոսեմ»,– նշեց Զիրոյանը։

Դերասանը ակտիվ է նաև սոցիալական ցանցերում և հաճախ է հրապարակում մտքեր, որոնք անդրադառնում են հարաբերություններին, սիրուն ու մարդկային զգացմունքներին։ Tert.am Life-ի հետ զրույցում նա բացատրեց, որ այդ ամենը նաև իր լսարանի հետ կապը պահպանելու ձև է։

«Դա իմ աշխատանքն է։ Փորձում եմ իմ հետևորդներին ակտիվ պահել, չձանձրացնել, ավելի հետաքրքիր դարձնել թե՛ իմ կյանքը, թե՛ իմ էջը և այն մարդկանց համար, ովքեր ինձ հետևում են»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է անձնական կյանքին ու սրտի զբաղված լինելուն, Զիրոյանը շարունակում է այդ թեման փակ պահել։

«Այդ հարցին ես երբեք չեմ պատասխանում, որովհետև դա հենց սրտի հետ է կապված, իսկ սիրտն իմ ներսում է»,– ասաց նա։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան