Սեր, ընկերություն, պատերազմ. տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան

18:42 • 19.09.16

Այսօր տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ»  ֆիլմի փակ ցուցադրությունը՝ հատուկ լրագրողների համար: Ֆիլմը նկարահանվել էր ՀՀ Պաշտպանության նախարարության, Առաջին ալիքի և «Շարմ» հոլդինգի կողմից՝  ՀՀ 25-ամյակին ընդառաջ: Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսորն է Մհեր Մկրտչյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։

 

 

Ֆիլմը պատմում է  25 տարեկան չորս ընկերների մասին, որոնց ընկերությունը ծնվել է դեռևս դպրոցական տարիներից:  Ճակատագրերը տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ Ղարաբաղյան պատերազմ: Կինոնկարը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:

 

Կերպարները մարմնավորել են Անի Խաչիկյանը, Սամվել Թադևոսյանը, Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո), Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը,Գեորգի Հովակիմյանը, Էլեն Սարգսյանը, Հայկ Պետրոսյանը, Վարդան Պետրոսյանը և ուրիշներ:

 

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին «Շարմ» հոլդինգի տնօրեն Կարեն Ղազարյանը, սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, դերակատարներից Սամվել Թադևոսյանը , Անի Խաչիկյանը, Սամվել Թոփալյանը և Էլեն Սարգսյանը:

 

 

Լրագրողների այն հարցին, թե ֆիլմի գաղափարը հղացել է արդյո՞ք քառօրյա պատերազմից հետո Կարեն Ղազարյանը պատասխանեց,-« Ֆիլմը սկսել ենք նկարահանել մոտավորապես մեկ տարի առաջ: Գաղափարը 25 ամյակին ընդառաջ նոր ֆիլմ ունենալն էր»:

 

Ֆիլմի ստեղծագործական խումբը կազմված է ֆիլմարտադրության ոլորտի փորձառու  պրոֆեսիոնալներից,  միաժամանակ մեծ հնարավորություն է տրվել հանդես գալու դեռևս քիչ փորձ ունեցող, բայց տաղանդավոր երիտասարդների, իսկ այս փաստը պատահական չէր:

 

 

«Պրոդյուսերները հատուկ խնդիր էին դրել մեր առջև ընտրել ոչ սերիալային, օրիգինալ դեմքերի: Տեղի ունեցավ քասթինգ և ընտրվեց դերասանական այս կազմը: Աստղերին որոշեցինք անդրադարձ չկատարել: Բավականին մանրակրկիտ աշխատանք ենք կատարել, արդյունքը հուսանք, որ կգոհացնի»,- իր խոսքում Tert.am Life-ին ասաց ֆիլմի սցենարիստ Մհեր Մկրտչյանը:

 

Նշենք, որ ֆիլմում  զուգահեռներ են տարվում  պատերազմի և սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռում է սկիզբ առնում այն սերը, որն ապրեցնում է և  ուժ տալիս դժվարին պահերին: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված առօրեական իրավիճակների հետ: 

 

 

Ֆիլմի նկարահանումների ժամանակ, պատերազմական տեսարաններին ժամանակի իրական շունչը փոխանցելու համար՝ կիրառվել է իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ, ծանր տեխնիկա և այլ զինամթերք:

 

Ֆիլմարտադրողները կարողացել էին տեղ հասցնել իրենց ասելիքը: Պետք է նշել, որ ֆիլմը դիտողների մեծ մասը հուզված էին, անգամ ասուլիսը մի քանի րոպեով հետաձգվեց, քանի որ էմոցիոնալ ֆոնը շատ մեծ էր:

 

 

Ֆիլմի գլխավոր դերակատարը՝  Սամվել Թադևոսյանը այժմ զինվորական ծառայության մեջ է, սակայն ցուցադրությանը ներկա էր:

 «Ծառայության մեկնել եմ նկարահանումների ավարտից հետո: Ասել, որ ֆիլմն ինձ օգնեց կամ խանգարեց ծառայության հարցում սխալ կլինի, քանի որ բանակ գնացել եմ արդեն հաղթանակած: Մեր հաղթանակը և դրա գիտակցումը ունեցել եմ հասուն տարիքից սկսած: Չափազանց պատասխանատու էր նման ֆիլմում նկարահանվելը: Կինոարտադրության առաջին փորձս էր ու հուսամ վատ չեմ սկսել»:

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյան

 

Սեր, ընկերություն, պատերազմ. տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան