Էրիկ Անթառանյանի, Կարեն Գիլոյանի և Արման Մարգարյանի վերաբերմունքը «Առանց ավտոմեքենայի միջազգային օրվան»
Ամեն տարի սեպտեմբերի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը: Այն նպատակ ունի քարոզել ոտքով կամ հեծանվով, ինչպես նաև հասարակական տրանսպորտով տեղաշարժվելու գաղափարը: Օրվա գլխավոր կարգախոսն է՝ «Քաղաքը՝ որպես մարդկանց համար տարածություն, կյանքի համար տարածություն»:
Tert.am Life-ը զրուցել է մի քանի հայտնի մարդկանց հետ՝ պարզելու համար տեղյակ են արդյո՞ք տոնի մասին և ինչ կլինի, եթե այսօր ստիպված լինեն իրենց օրվա անելիքները իրականացնել առանց ավտոմեքենայի:
Երևանի փողոցներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է հեծանիվ վարում հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը: Ենթադրելի էր, որ տոնը նրան անհարմարություն չի պատճառի: Հաղորդավարը տեղյակ էր տոնի գոյության մասին:
«Վերաբերմունքս իհարկե դրական է, քանի որ հայտնի է, որ ավտոմեքենաներն աղտոտում են շրջակա միջավայրը, եթե պարզվի, որ օրվա անելիքներս իրականացնելու համար մեքենայով գնալ չի կարելի, ապա հեծանվով կամ հասարակական տրանսպորտով կերթևեկեմ:
Երկու տարբերակն էլ կընտրեմ, եթե գործերս միայն կենտրոնում լինեն, ապա հեծանիվն ամբողջությամբ կբավարարի»,- ասաց Արման Մարգարյանը:

Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը ևս տեղեկացված էր։ Կարենը հետաքրքրված է տարբեր տոներով, իսկ սեպտեմբերի 22-ը բացառություն չի կազմել:
«Ես յուրաքանչյուր օր, առանց մեքենայի տոն եմ հայտարարում: Չեմ սիրում վարել, ղեկին նստում եմ միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով: Եթե ստիպված լինեմ օրս պլանավորել առանց մեքենայի, ապա որևէ խնդիր չի առաջանա: Անձնական հեծանիվ չունեմ, սակայն հասարակական տրանսպորտից կամ տաքսիից հաճախ եմ օգտվում, խուճապի վստահաբար չեմ մատնվի»,- Tert.am Life-ի հարցերին այսպես պատասխանեց Կարեն Գիլոյանը:

Պարզվում է, որ հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը գրեթե ամեն օր էլ տոնի կանոնների մեջ է:
«Ես հատուկ տոնի կարիք չունեմ, որպեսզի պետք եկած դեպքում հրաժարվեմ մեքենայից։ Ամեն հարմար առիթով նստում եմ հեծանիվ, ոչ միայն էկոլոգիայի մասին մտածելով կամ տոնը հիշելով, այլ որովհետև ինձ դուր է գալիս վարել հեծանիվ: Հեծանիվս կենտրոնում Veloclub ակումբի ավտոտնակում է կայանված։ Շատ հաճախ մեքենաս փոխարինում եմ հեծանիվով ու կենտրոնում գործերս կազմակերպում դրանով։ Արագ է ստացվում, խցանումներից ես խուսափում և հաճույք ստանում»-, այսպիսի տեսակետ ունի տոնի մասին Էրիկը:

Իսկ ինչ վերաբերում է տոնին, ապա չափազանց մեծ քանակությամբ ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր, այլ նաև Երևանի պես փոքր քաղաքների: Արդեն վաղուց սա գլոբալ խնդիր է դարձել: Ավտոտրանսպորտը քայքայում է մոլորակի կենսոլորտը, ինչպես նաև հենց մարդուն. ըստ հաշվարկների, ամեն օր աշխարհում ավտոմեքենաներն ավելի քան 3.000 մարդու են սպանում:
Չնայած այս ամենին, մեքենաների արտադրության տեմպերը շարունակում են աճել: Պետք է նշել նաև, որ ավտոմեքենան ամենաշատ գովազդվող առաջնային ապրանքներից է:
Նյութը՝ Անահիտ Կասամանյանի







