Անժելա Սարգսյանը պատմում է դստեր հետ նոր ֆիլմում նկարահանվելու և անձնական կյանքի նորությունների մասին (լուսանկարներ)

16:50 • 03.10.16

LOFT զարգացման կենտրոնում տեղի ունեցավ The Lake գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարուհուն՝ Սառային, մարմնավորել է Անժելա Սարգսյանը: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը  Սևակ Մանգուշյանն է:


Ֆիլմը պատմում է Սառայի մասին, ով ստիպված է լինում թողնել բեմը հանուն ամուսնու և քաղաքից տեղափոխվել՝ հույս ունենալով, որ հետ է վերադառնալու։ Արդեն տասը տարի անց, երկու երեխաների մայր Սառան հասկանում է որ այլևս հետ չի վերադարձնի թողածը։ Սառան չի կարողանում համակերպվել իր կորցրած երազանքների, իր անվերադարձ տարիների հետ և երբ չի ստանում այն, ինչին սպասում էր, այն ինչ նախատեսել էր իր համար, այլևս տանել չի կարողանում նրանց, ում վրա վատնել է իր տարիները, և որոնցից այդպես էլ չի ստացել իր կատարած զոհաբերությանը արժանի գնահատական:

 

 

 

«Ֆիլմի առաջարկը ստացել եմ ռեժիսորի կողմից: Ռեժիսորը ներկայացավ, որ ֆիլմը իր ավարտական աշխատանքն է ու ցանկանում է, որ գլխավոր դերակատարուհին ես լինեմ: Սցենարին ծանոթանալուց հետո հասկացա, որ ցանկանում եմ փորձել աշխատել սկսնակ ռեժիսորի հետ: Սցենարը իր մեջ դաստիարակչական հսկայական տարր ունի: Հերոսուհու կերպարը իմ կողմից մերժված ապրելակերպով մեկն է, որը մի օր հասկանում է իր սխալը, սակայն չի կարողանում կյանքը շարունակել այդ մեղքով և դիմում է ինքնասպանության: Ֆիլմի ասելիքը հետևյալում է՝ մարդը դառնալով ծնող պետք սկսի ապրել հանուն իր երեխայի և պատասխանատվություն զգա իրենց ծնված մարդու նկատմամբ: Երեխայի ծնունդը պետք է սպանի ծնողի սեփական էգոն: Այսօր շատ երեխաներ մեծանում են մերժվածության զգացողությամբ` կարիերիստ ու էգոիստ ծնողների կողքին: Սրա մասին էր ֆիլմը»,- ասաց դերասանուհին:

 

Այն հարցին, թե մտավախություն չի առաջացրել դերասանուհու մոտ, այն փաստը, որ ռեժիսորը ուսանող է՝ Անժելան պատասխանեց,-«Միանշանակ մտավախություն կար, սակայն մեծ բավականություն եմ ստացել նկարահանումների ժամանակ: Իհարկե թերություններ կային, քանի որ ֆիլմը նկարահանել է ուսանող և մեծ գումարներ չի ծախսվել: Արվել է մաքսիմալ սեփական միջոցներով, բայց մեծ ասելիքով: Ուսանողի համար խաղալը շատ ավելի ռիսկային է: Այստեղ բացարձակ կապ չունի գումարը: Այստեղ բոլորս անվճար ենք աշխատել: Ռիսկի գործոնը շատ մեծ էր, քանի որ կարող է օրինակ՝ սխալ լույս դրվել, սխալ կադր կամ ձայն ու քո խաղը ճիշտ չերևա»:

 

 

Նկարահանումները բավականին էքստրեմալ պայմաններում են եղել: Ֆիլմը նկարահանվել է Ծաղկունք գյուղում՝  մարտ ամսին, սակայն այնքան ձյուն է եկել, որ նկարահանման անձնակազմը ստիպված է եղել փրկարարների կանչել:

 

«Ռեժիսորը ցանկանում էր սպիտակ ձյան տեսարանի վրա՝ ինձ նկարահանել սև հագուստով: Բոլորս էլ գիտակցում էինք, որ բնական ճանապարհով, մարտ ամսին ձյուն ստանալը անհավանական ցանկություն է: Առաջին օրվա նկարահանումներից հետո արթնանում ենք և անակնկալ՝ ամբողջ տարածքը ծածկված էր ձյունով: Ռեժիսորը ստացավ իր երազանքների կադրերը»,- պատմում է դերասանուհին:

 

 

Ֆիլմում Անժելայի խաղընկերը դերասան Մխիթար Ավետիսյանն է: Վերջինս պրեմիերային ներկա չէր,նրա փոխարեն անկեղծացավ Անժելան,-«Պիտի նշեմ, որ կերպարս այսքան չէր հաջողվի, եթե խաղընկերս Մխիթար Ավետիսյանը չլիներ: Գիտեմ, որ Մխիթարը համաձայնել է նկարահանվել , քանի որ ես էի համաձայնել»:

 

Անժելայի դուստրը՝ Եվան, արդեն  որերորդ անգամ է ինչ նկարահանվում է դժբախտ մանկություն ունեցող երեխայի կերպարում, սակայն այս փաստը երեխայի մայրիկին չի մտահոգում:

«Շատերն են ինձ դատափետում, որ ես դստերս թույլ եմ տալիս մարմնավորել դժբախտ երեխաների  կերպարներ: Ֆիլմում երեխայիս կերպարը ոչ միայն դժբախտ մանկություն ունի, այլև մահանում է: Ես սնահավատ մարդ չեմ: Բացի դրանից էլ բոլորս էլ մի օր մահանալու ենք»,-ավելացրեց դերասանուհին:

 

 

Պարզվում է, որ Եվան մայրիկի ներկայությամբ նկարահանվել չի սիրում և  փորձում է այնպես անել, որ իր նկարահանման պահին Անժելան հրապարակում ներկա չլինի:

 

Դերասանուհու կարիերա Եվային կանխատեսվո՞ւմ է հարցին՝ Անժելան պատասխանեց,-«Եվան հիմա կիթառ է նվագում, լատինոամերիկյան պարերի է գնում, լողում է, ձիասպորտով է զբաղվում, վոկալի է գնում, քանի որ իրեն պատրաստում ենք երգչուհու կարիերային, բայց եթե այս ամենից հետո որոշի, որ օրինակ ցանկանում է բժիշկ դառնալ, ապա բացարձակ դեմ չեմ լինի: Ինձ համար կարևորն այն է, որ մասնագիտության մեջ ինքն իրեն երջանիկ զգա»:

 

Անժելա Սարգսյանն այն հեռուստատեսային կերպարներից է, որի անձնական կյանքը պարբերաբար հայտնվում է մարդկանց հետաքրքրության կենտրոնում, երբ խոսեցինք անձնական կյանքի մասին Անժելան բազմանշանակ ժպտաց և ասաց, որ առանց անձնական կյանքի հնարավոր չէ ապրել: Այս պահին սիրային հարցերից խոսել չցանկացավ, բայց ասաց, որ հենց լուրը հասանելի լինի ներկայացնելու, ապա սիրով կպատմի:

 

 

 

Նյութը՝ ԱՆահիտ Կասամանյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Անժելա Սարգսյանը պատմում է դստեր հետ նոր ֆիլմում նկարահանվելու և անձնական կյանքի նորությունների մասին (լուսանկարներ)