Փարիզի քաղաքապետը Քիմ Քարդաշյանին թալանելը բացառիկ դեպք է անվանել
Փարիզի բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովված է բարձր մակարդակով, իսկ ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին թալանելն ընդամենը մասնավոր դեպք է: Այդ մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Կողոպուտը, որի պես կողոպուտներ խիստ հազվադեպ են լինում, տեղի է ունեցել մասնավոր հյուրանոցում և ոչ մի կերպ հարցականի տակ չի դնում Փարիզի ոստիկանության և իրավապահ մարմինների աշխատանքը»,- ասել է Իդալգոն տարածված հաղորդագրությունում:
Նա կոչ է արել քաղաքական գործիչներին, մասնավորապես՝ ընդդիմության ներկայացուցիչներին, խուսափել անհիմն հայտարարություններից, որոնք արվում են նախընտրական շրջանում: Իդալգոն նաև վստահություն է հայտնել, որ ոստիկանությունը կանի անհրաժեշտ ամենը մեղավորներին պարզելու և ձերբակալելու համար:
Քարդաշյանին կողոպտել են լույս երկուշաբթի Փարիզի մասնավոր հյուրանոցներից մեկում: Դիմակավորված 5 հանցագործները ներխուժել էին համար, կապկպել Քարդաշյանին ու նրան այդպես թողել լոգասենյակում՝ համարից գողանալով միլիոնավոր դոլարներ արժողությամբ զարդեր:
Քարդաշյանի միլիոնավոր երկրպագուներ ամեն րոպե իրենց կարեկցանքն են հայտնում տեղի ունեցածի առնչությամբ: Սոցիալական ցանցերում անգամ հայտնվել է #PrayForKim հեշթեգը: Ինքը՝ հեռուստաաստղը, դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը:







