Մեկնարկեց Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնը (լուսանկարներ)
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո մեկնարկեց Խաչատրյանի միջազգային 4-րդ փառատոնը:
Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները և համաշխարհային պրեմիերա՝ Դեվիդ Դե Բուր Քենֆիլդ՝ Կոնցերտ Արամ Խաչատրյանի թեմաներով սաքսոֆոնի և նվագախմբի համար: Համերգի մենակատարներն են Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), դիրիժորները՝ Սերգեյ Սմբատյանը, Արմեն Հյուսնունցը: Փառատոնը վարեց Արման Մարգարյանը:

Նշենք, որ ստեղծագործությունը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին:
Tert.am Life-ի հետ զրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոսեց փառատոնի կարևորության մասին:
«Արամ Խաչատրյանն այն մեծագույն հերոսներից է աշխարհում, որը ներկայացրեց Հայաստանի նոր գույները: Այն ձևաչափը, որը մենք ներկայացնում ենք դա այն չէ, որ մենք հնարել ենք, որ մարդկանց դուր գա, այլ Արամ Խաչատրյանի երաժշտության մեջ կա շատ ջազային տարեր, որը որ աշխարհում համարվում են նորամուծություն: Ուրախ եմ, որ այստեղ կարող ենք նույնպես համաշխարհային ձևաչոփով ներկայանալ: Դա մեր առաջին ձեռքբերումն է: Այլ հարց է մարդկանց դա դուր կգա, թե ոչ: Բայց այնուամենայնիվ մենք ջազ լսող քաղաք ենք և կարծում եմ, որ հանդիսատեսը գոհ կլինի: Մարդիկ միշտ ման են գալիս նոր հնչողություն և մենք դա գտել ենք և ներկայացնում ենք նոր ձևաչափով»,- ասաց Սերգեյը:

Նշենք, որ երաժշտական այս տոնը ներառում է 20 համերգ՝ սիմֆոնիկ, կամերային, բալետային ներկայացումներ, ինչպես նաև՝ վարպետևթյան դասեր: Փառատոնի փակումը կլինի դեկտեմբերի 10-ին: Այս ամիսների ընթացքում Հայաստան կժամանեն հանրահայտ արտիստներ՝ Ջուլիան Միլկիս, Ջոնաթան Ռուզեման, Ֆլորիան Հելգաթ, Եվգենի Ստարոդուբցև և այլն: Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան նաև հայաստանցի երաժիշտներ՝ Արամ Թալալյան, Դավիթ Գյուլամիրյան և այլն:









Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







