Ինչպես հասնել հաջողության. Գարիկ Պապոյանի, Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի բանաձևերը (լուսանկարներ)

12:24 • 10.10.16

Տեղի ունեցավ «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» 2-րդ կոնֆերանսը, որի նպատակն է խթանել երիտասարդներին օգտագործելու սեփական հնարավորությունները և ունակությունները առաջ գնալու և կյանքում մեծ ձեռքբերումներ ունենալու համար:

 

Ավելի քան 250 հոգի հավաքվել էին մի վայրում զարգացնելու և ընդլայնելու իրենց աշխարհայացքը և մտածողությունը: Կոնֆերանսի հյուրերն էին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և  դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը: Երեկոն վարում էր Սերգեյ Սարգսյանը:  Հյուրերը պատասխանեցին երիտասարդներին հետաքրքրող հարցերին, պատմեցին իրենց ճանապարհին հանդիպող դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

 

 

Նազենին իր ելույթի ընթացքում բավականին հետաքրքիր  գաղափարներ շոշափեց, որոնցից մի քանիսը ստորև.

 

 

-Աշխատանքը շատ հաճախ դոմինանտ է դառնում անձնական կյանքից: Այս հարցում տղամարդկանց  բախտը բերում է, քանի որ շատ հաճախ նրանք հանդիպում են հոգատար կանանց, որոնք պատրաստ են ամուսնու հետ կիսել շատ հոգսեր:

 

-Մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն: Եթե մարդ չի ընտրում այս մի կողմը, այլ մյուսն է ընտրում, ապա դա դեռ չի նշանակում, թե դու մյուսը չընտրելով զոհել ես այն:

 

 

 

-Թատրոնը մի աշխարհ է, որտեղ կարելի է խաբել ազնվորեն:

 

 

-Չի կարելի անձնագիրը տալ օտար մարդու և գնալ ճանապարհ բոլորովին օտար մարդու հետ: Չի կարելի շատ ուտել: Չի կարելի նեղանալ ծնողներից, եթե անգամ նրանք սխալ են:

 

 

-Կարելի է որակով գործնականը համատեղել որակով անձնականի հետ, եթե հանդիպես որակով, արժանի տղամարդու:

 

-Հաջողությունը հստակ եզրույթ չէ: Ամեն մարդ իր անհատականությամբ է ձևավորում իր հաջողությունը: Եթե մարդ ունի անելիք, ապա նա հաջողության հասնում է:

 

 

 

Գարիկ Պապոյանի ելույթի ժամանակ մասնակիցներից մեկին հաջողությունը ժպտաց:Մասնակիցներից մեկը Գարիկին հարցրեց, թե նրա կյանքում եղե՞լ են արդյոք պահեր, որ մտածի, որ ինքն անհաջողակ է: Մասնակիցը վերջում անկեղծացավ՝ ասելով, որ իր մոտ շատ դժվար ժամանակաշրջան է: Ի պատասխան՝ Գարիկը հարցրեց, թե ինչու է այդպես մտածում, Անին էլ ասաց, որ «Իքս ֆակտոր» նախագծից իրեն զանգահարել են ու ասել, որ չի անցել հաջորդ փուլ: Հենց այդ պահին էլ Գարիկը նրան առաջարկեց երգել և ապացուցել, որ արժանի էր անցնելու հաջորդ փուլ:

 

 

 

«Նախագծի բոլոր մասնակիցների նպատակը, ըստ էության, մեկն է՝ երգել մեծ լսարանի առջև, հիմա մենք Ձեզ ընձեռում ենք այդ հնարավորությունը»,- ասաց Գարիկը:

 

Աղջիկն էլ այնպես երգեց, որ ելույթից հետո Գարիկն ասաց՝ դու նախագծում ես:

 

 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին սպասվում էր հարցերի հեղեղ՝ օնլայն տիրույթից: Սամվելը փորձեց ներկայացնել օնլայն հարթակում հաճախ հանդիպող վտանգներին ու միջոցներ առաջարկեց՝ դրանցից պաշտպանվելու համար:

 

 

Նյութը՝ Անահիտ Կասամանյանի

Տեսանյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի

Ինչպես հասնել հաջողության. Գարիկ Պապոյանի, Նազենի Հովհաննիսյանի և Սամվել Մարտիրոսյանի բանաձևերը (լուսանկարներ)