Փարիզի դատախազությունը նախաքննություն է սկսել Քարդաշյանի կողոպուտի գործով
Փարիզի դատախազությունը նախաքննություն է սկսել ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բազմամիլիոնանոց կողոպուտի գործով հետաքննության շրջանակում, հայտնում է ria.ru-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ կողոպուտը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 3-ին՝ փարիզյան հյուրանոցներից մեկի համարում: Դիմակավոր և զինված անձինք Քարդաշյանին կապկպել են, տարել լոգասենյակ, ինչից հետո սենյակից գողացել են ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, ինչպես նաև աստղին պատկանող 2 սմարթֆոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քարդաշյանը դատական հայց է ներկայացրել Mediatakeout.com կայքի դեմ՝ տեղեկություններ տարածելու համար, թե իբր ինքը ստել է Փարիզում տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ:
Նյու Յորքում ներկայացված հայցում 35-ամյա աստղը նշել է, որ «Ֆրանսիայում սարսափելի և ցավալի զինված կողոպուտի զոհ դառնալուց հետո նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ևս մի անգամ զոհ է դարձել բամբասանքների տաբլոիդի կողմից, որը հրապարակել է մի շարք հոդվածներ՝ նրան սուտասան և գող անվանելով»:
Հոդվածները «պնդում էին, առանց որևէ փաստացի ապացույցի, թե Քարդաշյանը կեղծել է կողոպուտի մասին տեղեկությունը, ստել է սարսափելի հարձակման մասին և այնուհետ կեղծ պահանջ է ներկայացրել իր ապահովագրական ընկերությանը», նշվում է հայցում:







