«Մանկական եվրատեսիլ-2016» մրցույթը կցուցադրվի նոյեմբերի 20-ին
«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: Այն եթեր կհեռարձակվի վաղը՝ ժամը 19:00-ին, Առաջին ալիքի և Հանրային ռադիոյի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին կմասնակցեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, որոնք կներկայանան «Տարբեր» երգով և կերգեն 2-րդ համարի ներքո:
Երգի հեղինակներն են Նիկ Եգիբյանին ու Ավետ Բարսեղյանը: Երգը երկու աղջիկների ոճային տարբերությունների մասին է:
Մրցութային համարի բեմադրության մեջ ընդգրկված են նաև 4 պարուհիներ, հեղինակն Արտյոմ Գևորգյանն է: Բեմադրության ընթացքում կկիրառվի նաև հատուկ աճպարարական հնարք, որի հեղինակները հայտնի աճպարարներ Սոս և Վիկտորյա Պետրոսյաններն են:
«Մանկական եվրատեսիլ-2016»-ի կանոններն այս անգամ փոփոխվել են: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիի անդամների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ:
Այս տարի մրցույթին կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:










