Տարիների դադարից հետո «Ֆուլ Հաուս»-ի թիմը՝ բեմում և նոր ծրագրով (լուսանկարներ)
Տարիներ անց՝ նույն կերպարները, նույն հումորն ու նույն թիմային քիմիան՝ այս անգամ արդեն բեմական նոր ձևաչափով։
Սեպտեմբերի 8-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Full House Show-ի նոր ծրագրի պրեմիերան։

Հանդիսատեսին սպասվում էին հումորային նոր համարներ, արդեն ճանաչված կերպարներ ու բեմական կենդանի կատարումներ։ Սակայն այս վերադարձի առանձնահատկությունը միայն նոր ծրագիրը չէր․ հեռուստատեսային սիթքոմի տարիներից հետո դերասանական կազմը կրկին միավորվել էր՝ այս անգամ ներկայացման ձևաչափով։

Ինչպես նշեց Արփի Գաբրիելյանը, այս ելույթը իրեն հիշեցրել է դեռ 2015 թվականի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած առաջին ներկայացումը։
«Կարծես երբ առաջին անգամ բեմ բարձրացանք 2015 թվականին Միացյալ Նահանգներում ներկայացման ֆորմատով, նույն զգացողություններն էին՝ հուզմունքն ու լարվածությունը։ Բայց ինչպես միշտ թիմի քիմիան աշխատեց և ստացվեց մեր ներկայացումը»։
Տարիների ընթացքում փոխվել են ծրագրերն ու ձևաչափերը, սակայն դերասանների խոսքով՝ միմյանց հետ աշխատելու զգացողությունը մնացել է նույնը։

Մուշեղի կերպարը մարմնավորող Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ տարիների դադարն իրենց թիմային քիմիայի վրա չի ազդել։
«Թե՛ փորձերին, թե՛ բեմում այնպիսին էինք միմյանց հետ, ինչպես տարիներ առաջ։ Մենք երբ հավաքվում ենք մի տեղ, քիմիան առաջանում է»։

Այդ քիմիան հատկապես զգացվում է կենդանի բեմում, որտեղ դերասանները ոչ միայն խաղում են, այլև արձագանքում են միմյանց յուրաքանչյուր շարժմանն ու պահին։

Մարջան Ավետիսյանը պատմում է, որ պրեմիերային նախորդող լարվածությունը հաղթահարել են հենց միմյանց աջակցելու շնորհիվ․
«Բեմում զգում էինք իրար՝ ոնց միշտ՝ ոնց ձուկը ջրում։ Իրականում ներկայացումների ժամանակ հուզմունքը բարձր է լինում, որովհետև շփումը կենդանի է, ու երեկ շատ լարված էինք․ մտածում էինք՝ ոնց է անցնելու, բայց չգիտես՝ ինչու մի գերբնական ուժով հավաքվում ենք, ու իրար փրկելու ուժեղ ցանկությունը միշտ մեզ պահում է ջրի երեսին»։

Full House-ի նոր ծրագրում վերադարձել էին հանդիսատեսին արդեն վաղուց ծանոթ կերպարները, բայց արդեն 10 տարի անց։ Մարջան Ավետիսյանի համար Տիկին Տամարան դրանցից ամենանշանակալիներից է։

«Տամարայի դերն իմ ամենահայտնի կերպարն է, և ես իրենով եմ չափազանց հայտնի դարձել հայ հանդիսատեսին։ Տպավորություն է, թե ես իր կյանքով ավելի շատ եմ ապրել, քան իմ»,-մեզ հետ զրույցում ասաց Մարջան Ավետիսյանը։
Պրեմիերայի ընթացքում դերասանների համար անակնկալ էր նաև հատուկ պատրաստված տեսաշարը, որտեղ ներկայացված էր, թե ինչպիսին կարող են լինել Full House-ի կերպարները 50 տարի անց։

Հատկապես Անի Երանյանին իր կերպարի ապագա տեսքը դուր է եկել․ նա նշել է, որ 50 տարի անց կցանկանար հենց այդպիսի տեսք ունենալ։
Իսկ Մարջան Ավետիսյանը կատակով նկատել է, որ 50 տարի անց այդ կադրում լինելու համար պարզապես պետք է ունենալ ապրելու ցանկություն։ Նա հավելել է, որ Մենչը միշտ հավատում է իր գոյությանը։

Այս վերադարձի ամենաուժեղ զգացողությունը դերասանների համար ոչ միայն բեմ բարձրանալն է, այլ միասին ապրած տարիների ու էմոցիաների վերագտնումը։
Անի Երանյանի խոսքով՝ տարիների ընթացքում կուտակված կարոտն է այս վերադարձը դարձնում առանձնահատուկ։

«Ամենաուժեղ էմոցիաները հենց նրա մասին են, որ մենք էսքան տարի հետո միասին բեմ ենք բարձրանում, միասին շրջագայելու ենք։ Տարիներ շարունակ էն էմոցիաներն ու օրերը, որ ապրել ենք միասին, կարոտել էինք և ուզում ենք շարունակական լինի»։

Full House-ի բեմական նոր ծրագիրը Երևանում արդեն մեկնարկել է։ Դերասանների խոսքով ՝ այս վերադարձը շարունակություն է, այլ ոչ պարզապես մեկ երեկոյի պատմություն։
Հեղինակ՝ Անի Ավետիսյան








