Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է (լուսանկարներ)

19:13 • 04.09.26

Սեպտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի ստեղծագործական թիմը, դերասանական կազմը, կինոսեր հանրությունը, լրագրողներն ու հատուկ հյուրերը Մոսկվա կինոթատրոնում մասնակցեցին ֆիլմի հանդիսավոր պրեմիերային։ 

«Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին։ Հույս ունենք, որ այն կհետաքրքրի, ջերմություն կփոխանցի՝ ստիպելով ժամանակ առ ժամանակ վերադառնալ դրան։ Սա Mitoyan Production-ի և HK Production-ի համատեղ աշխատանքն է։ Ունենք նաև Ազգային կինոֆոնդի աջակցությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մի գդալ սեր» ֆիլմի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանը։

Ֆիլմի սցենարի համահեղինակն Արտակ Ալեքսանյանն է, ում հետ Հրաչ Քեշիշյանը նախագիծը կյանքի է կոչել Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա։ Սա Ալեքսանյանի առաջին, բայց ոչ վերջին լիամետրաժ աշխատանքն էր կինոյում, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։

Նկարահանումներն ընթացել են շուրջ մեկ տարի ու ֆիլմին յուրահատուկ ջերմություն է հաղորդել դերասանների և ստեղծագործական ամողջ թիմի նվիրումը։  

«Սեղաններից բխող ջերմությունը շատ էի ուզում, որ տեղափոխվի նաև ֆիլմ, և իմ հերոսուհին իրեն տանը զգա։ Պարոն Քեշիշյանին առաջարկեցի, որ իմ խոհանոցի սպասքը լինի նաև իմ հերոսուհու խոհանոցում, ու այդպես մի ամբողջ մեծ ճամպրուկ վերցրինք: Դա ինձ համար շատ հետաքրքիր ու ջերմ զգացողություն է առաջացնում, որովհետև գիտեմ՝ դա նաև իմ տան ջերմության, այդ սեղանի շուրջ ընկերության մի մասն է, որը ես՝ որպես իմ կողմից «մի գդալ սեր», ներդրել եմ։ Շատ ուրախ եմ, որ պարոն Քեշիշյանը համաձայնեց այդ առաջարկին», - պատմեց Անի Խաչիկյանը։   

Բոստոնի տեսարանները նկարահանվել են Արտակ Ալեքսանյանի տանը, իսկ մեկ այլ տեսարան՝ թիմակիցներից մեկի բնակարանում։ Ներսեսի կոշիկները, Անիի ափսեներն ու նմանօրինակ շատ այլ անձնական դետալներ, ըստ Քեշիշյանի, փաստում են այն սիրո մասին, որով յուրաքանչյուրը վերաբերվել է այս նախագծին։ 

Ֆիլմի առանցքում երկու՝ բոլորովին տարբեր աշխարհների հանդիպումն է․ մի կողմից արևմտյան հաջողություններն ու ճանաչումն է, մյուս կողմից՝ դեռևս չբացահայտված, բայց խորը տաղանդը։ Բոստոնում կայացած խոհարար Արեգը, նոր հույզեր ու ներշնչանք գտնելու ակնկալիքով, վերադառնում է Հայաստան, որտեղ նրա ճանապարհը հատվում է Լուսինի հետ։ Հայրենի խոհանոցի ջերմությունը, ծնված սերն ու անսպասելի բացահայտումները հերոսին մղում են բարդ երկընտրանքի․ հետևել հարմարավետ ու հայտնի անցյալի՞ն, թե՞ ռիսկի դիմել ու կյանքը կառուցել մաքուր էջից։ 

Նկարահանումների ընթացքն ուղեկցվել է նաև տեխնիկապես ու դերասանորեն բարդ տեսարանների իրականացմամբ։ Գլխավոր դերակատար Ներսես Ավետիսյանի խոսքով՝ կերպարին համահունչ լինելու համար իրենք հատուկ պատրաստվել են պրոֆեսիոնալ խոհարարի մոտ, իսկ նկարահանումների ընթացքում ինքը հաճախ է մատները կտրել։ 

«Նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել ենք, բայց անկախ ամեն ինչից խոհարարի կերպարը մարմնավորելու ընթացքում ինձ մոտ խոհանոցի հանդեպ սեր չառաջացավ»,- կատակում է Ներսես Ավետիսյանը։ 

Ֆիլմը նկարահանվել է Տավուշի մարզում։ Սակայն, ըստ նկարահանող խմբի, կարող էին նկարահանել Հայաստանի ցանկացած կետում, բայց Դիլիջանում նկարահանումներ իրականացնելն ամենահարմարն էր։ Թեպետ Քեշիշյանը ցանկություն ուներ ֆիլմը նկարահանել Սյունիքում։ Ֆիլմում հնչում են լուսահոգի Հայկոյի, Արման Պարսամյանի և Ռոլանդ Գասպարյանի հեղինակային ստեղծագործությունները։ 

Ֆիլմում հավաքվել է ճանաչված ու սիրված դերասանների խումբ․ դերերում են Էդգար Դամաթյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Լևոն Հարությունյանը, Մինաս Ասրյանը, Եվա Զոհրաբյանը, Նորա Արմանիի և Աննալիս Բասսոյի մասնակցությամբ, Նազենի Հովհաննիսյանի հատուկ մասնակցությամբ, ինչպես նաև Ռաֆայել Երանոսյանի հատուկ հրավերով։  

«Մի գդալ սերը» սեպտեմբերի 3-ից կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է (լուսանկարներ)