Մհեր Մկրտչյանի և Վահագն Տեր-Հակոբյանի հանդիպումը «Պանարմենիան Մեդիա Դպրոց»-ի սաների հետ
«Պանարմենիան Մեդիա Դպրոց»-ը, որը ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար, հանդիպում էր նախաձեռնել «Կյանք և կռիվ» ֆիլմի ստեղծագործական կազմի հետ: Պրակտիկ դասընթացի շրջանակում մեդիա դպրոցի սաները, ֆիլմը դիտելուց հետո, հնարավորություն ունեցան բացառիկ վարպետության դաս լսել ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ Մհեր Մկրտչյանի և բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի հետ:
Սաները հետաքրքիր և մասնագիտական մի շարք հարցեր էին հնչեցնում, քննարկում և արտահայտում իրենց տեսակետները: Մհեր Մկրտչյանը և Վահագն Տեր-Հակոբյանը իրենց օրինակով քաջալերեցին դպրոցի սաներին՝ բացահայտել այն ամենը, ինչ կադրից դուրս է:
«Սովորաբար, մարդիկ աշխատում են Հայաստանում, հետո ցանկանում են մի լուրջ գործ անել դրսում: Ինձ մոտ հակառակն էր. ինչ-որ ճանապարհ անցնելով Ռուսաստանում՝ առաջին լուրջ ֆիլմը նկարեցի այստեղ: Պետք է, պարզապես, վստահ լինես և միշտ փորձես, քանի որ ոչինչ հեշտ չի տրվում մարդուն»,-նշեց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը:

Դպրոցի սաներին հետաքրքրեց, թե ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնել և ի՞նչ իմպրովիզներ են կատարել ֆիլմի նկարահանման հրապարակում:
«Կռվի և մասշտաբային տեսարաններում, նկարահանվել են 150 մարդ, դրա հետ մեկտեղ 4-5 կամերա աշխատացնելը բարդ է: Բայց եթե նախքան նկարահանման հրապարակ մտնելը, ամեն ինչ մտածվում և գրվում է, այդ դեպքում այդքան էլ բարդ չի թվում: Իսկ իմպրովիզներ միշտ են լինում, քանի որ այն, ինչ թղթի վրա գրված է, չի նշանակում, որ դրանից դուրս ոչինչ չի լինում»,- ասաց բեմադրող օպերատորը:

Վահագն Տեր-Հակոբյանի խոսքը շարունակելով՝ Մհեր Մկրտչյանը իմպրովիզի օրինակ բերեց. «Դերասանական իմպրովիզը պետք է լինի որևէ հիմքի վրա, եթե դա չլինի, իմպրովիզ չի լինի, այլ թաթալաբազություն»:
Վահագն Տեր-Հակոբյանը դպրոցի սաներին պատմեց ռեժիսոր-օպերատոր հարաբերություների մասին. «Երբ օպերատորը և ռեժիսորը նկարահանման հրապարակում միասին չեն աշխատում, այլ ամեն մեկն իր տեսակետն է առաջ տանում, ստացվում է, որ օպերատորն իր ֆիլմն է նկարում, ռեժիսորն՝ իր, իսկ վերջում ֆիլմը տապալվում է»:

Հանդիպումից հետո Մհեր Մկրտչյանը Tert.am Life-ի հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով. «Սաների մեջ գրավեց ինձ ուղիղ, համարձակ խոսակցությունը՝ առանց որևէ կանոնների զոհ լինելու: Հուսով եմ, որ մենք էլ մեր հերթին կարողացանք օգուտ տալ: Լավ է, որ նոր սերնդի համար ստեղծվում է նման հանդիպում-քննարկումների հնարավորություն»:










Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







