Անդոյի կինը երկրորդ երեխային կորցնելու, ամուսնու և սկեսուրի հետ հարաբերությունների մասին

14:35 • 05.12.16

Դերասան Անդրանիկ Հարությունյանի՝ Անդոյի ընտանիքում արդեն ամանորյա տրամադրություն է: Անդոյի ընտանիքը տոնական ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Անդոյի կնոջ՝ Մերիի հետ անկեղծ զրույց ենք ունեցել ոչ միայն Ամանորի, այլև ընտանիքի, անցնող տարվա ընթացքում երկրորդ երեխային կորցնելու և հաջորդ տարվանից սպասելիքների մասին:

 

-Մերի, արդեն որոշե՞լ եք ինչպես և որտեղ եք դիմավորելու Ամանորը:

-Մենք սիրում ենք Ամանորը տանը դիմավորել: Բոլորս տանն ենք լինելու, բացի Անդոյից: Նա աշխատելու է  կեսգիշերին և ուշ կմիանա մեզ:

 

 

-Չե՞ս սրտնեղում, որ Ամանորը միասին չեք դիմավորում:

-Արդեն սովորել եմ: Տանը սկեսուր, սկեսրայր, տատիկ  ունենք, այնպես որ, ես ու Էլենս մենակ չենք լինում: Իհարկե, հաճելի կլիներ, եթե Անդոն էլ մեզ հետ լիներ, սակայն եթե գործ կա, պետք չէ բաց թողնել: Տա Աստված գործը միշտ շատ լինի, դրանից չենք բողոքում: Երբ գործ չի լինում, այդ ժամանակ ենք բողոքում:

 

-Դեկտեմբերի սկիզբն է, արդեն ունեք ամանորյա պատրաստի ֆոտոշարք: Այդքան շա՞տ եք սիրում այս տոնը, որ մեկ ամիս առաջվանից պատրաստվում եք:

-Տեսա, որ շատ գեղեցիկ զարդարված ֆոտոստուդիա կա, որտեղ ամանորյա տրամադրություն է: Վստահ էի, որ Էլենը շատ կուրախանա, եթե տանենք լուսանկարվելու: Անդոյին խնդրեցի ինքն էլ միանա մեզ:

 

 

-Հաճախ դերասանները խուսափում են լրացուցիչ նկարահանումներից: Ինքն ինչպիսի՞ն է, հե՞շտ է համաձայնում:

-Երբ խոսքը Էլենին է վերաբերում, ոչինչ չի մերժում: Այն ինչ կապված է Էլենի հետ, առանց մտածելու ենք անում: Անդոն ասում է՝ քեզ համար կարող է չանեմ, բայց Էլենի համար ամեն ինչ կանեմ:) Ոչինչ չենք խնայում երեխայի համար՝ լինի հագուստ, խաղալիք, թե այլ բան: Տանն առանձին սենյակ ունի, որտեղ իր խաղալիքներն են, այնքան շատ են, նույնիսկ կանգնելու տեղ չկա: Մի խաղալիքից մի քանի հատ ունի:

 

-Երեխային «երես տալու» խնդիր չի՞ առաջանում:

-Չէ: Ինքը գիտի իր չափը: Լսող է: Եթե մի բան ասենք՝ չէ, չի լացի, կամակորություն չի անի:

 

 

-Դաստիարակության հարցում տարաձայնություններ ունենո՞ւմ ես Անդոյի հետ:

-Այ Անդոն իրեն  լկստվացնելու բնավորություն ունի: Կարող է ինչ-որ վատ բան անի, ես ջղայնանամ, Անդոն ասի՝ լավ ես անում կամ իրար աչքով տան: Այդ ժամանակ սկսում եմ երկուսի վրա բարկանալ:)

 

-Մերի, անցնող տարին դժվար էր ձեզ համար: Ձեր ընտանիքում համալրում էր սպասվում, սակայն կորցրեցիր երեխային: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ փուլը:

-Սկզբնական շրջանն էր շատ դժվար, սակայն ամեն ինչ առջևում է: Հասկանում եմ, որ ավելի լավ էր այդպես, քան երեխան հիվանդ ծնվեր կամ ծնվելուց հետո մի բան լիներ: Դեռ երեխաներ կունենանք:

Ընդհանուր առմամբ՝ լավ տարի էր: Ինձ համար ծանր էր, բայց մեր ընտանիքում կրկին բալիկ ծնվեց՝ տեգրս երրորդ աղջիկն ունեցավ, ինչը մեզ շատ ուրախացրեց: Գործնական առումով էլ հաջող տարի էր:

 

 

-Անդոն ինչպե՞ս արձագանքեց դրան: Որքանո՞վ աջակցեց քեզ այդ փուլում:

-Այդ մասին ընդհանրապես չխոսեցինք: Առաջին մի քանի օրը երկուսս էլ շատ վատ վիճակում էինք: Անդոն հիմնականում աշխատանքի էր: Դա երևի օգնեց իրեն ավելի քիչ մտածել: Ես էլ այդքան թույլ չեմ բնավորությամբ: Կամքի ուժ ունեմ: Երևի ինձ էլ դա օգնեց: Սկիզբն էր շատ դժվար, հետո հասկացա, որ ամեն ինչ առջևում է:

 

-Հիմա մտածո՞ւմ եք երկրորդ երեխայի մասին:

-Շատ ենք ուզում երեխա ունենալ, սակայն պետք է ժամանակ անցնի: Երևի հոգեպես վերականգնվելու կարիք կա:

 

-Նշանակություն ունի՞ աղջիկ կունենաք, թե տղա:

-Կապ չունի, կարևորը առողջ երեխա լինի:

 

 

-Հաջորդ տարվանից ի՞նչ սպասելիքներ ունես:

-Հուսով եմ կրկին լավ տարի կլինի: Հաջորդ տարի Էլենս դառնում է 5 տարեկան, ուզում ենք մկրտել նրան: Տեսնենք՝ ինչպես կստացվի:

 

-Բազմանդամ ընտանիք ունեք: Որքան էլ բոլորն իրար սիրեն ու հարգեն, միևնույն է, մեծ ընտանիքում ավելի դժվար է. յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը, նախասիրություններն ու կամակորությունները: Ի՞նչ դժվարությունների եք բախվում:

-Եթե լիներ դժվար ընտանիք, խիստ ադաթներով, գուցե բարդ լիներ, սակայն մենք  նման խնդիր չունենք, շատ ընկերական, ասող-խոսող ենք: «Նամռոտ», պարտադրող  բաներ չունենք: Չկա այնպիսի բան, որ չարտահայտես ցանկությունդ:

Իհարկե, լավ կլինի, որ երիտասարդներն առանձին ապրեն, բայց եթե հնարավորություն չկա, պետք չէ սրտնեղել:

 

 

-Ըստ քեզ՝ որո՞նք են առանձին ապրելու առավելությունները, որ հիմա չունեք:

-Այդպես իրար ավելի լավ կհասկանանք: Հիմա կարող է ես մի բան անեմ, սկեսուրս ՝ ուրիշ, դա անհարմարություններ ստեղծի: Սակայն մենք ամեն ինչ անում ենք, որ այդ անհարմարությունը տարաձայնություն, կոնֆլիկտ չդառնա:

5 հասուն մարդ ենք, ամեն մեկս մեր մտածելակերպով, բնականաբար, չենք կարող բոլոր հարցերում համակարծիք լինել, սակայն եթե նույնիսկ մի բան լինում է, հումորով ասում, անցնում ենք: Հաջորդ անգամ նույնը չենք կրկնում:

 

-Ասել-խոսելուց հարսներն ավելի զգույշ են լինում: Լինո՞ւմ են դեպքեր, երբ դու  չես արտահայտվում:

-Չէ, ընդհանրապես նման խնդիր չկա:

Սովորաբար հարսները «մամա» են ասում սկեսուրներին, ես իրեն անունով կամ փաղաքշական տարբերականերով եմ դիմում: Կարող է ասեմ՝ կուկլա ջան, քաղցր, կարող ՝ հումորային տարբերակով դիմեմ: Միշտ իրեն ասում եմ, որ կարևորը «մամա» բառը չէ: Միգուցե «մամայով» դիմեի իրեն, բայց հետևից չարախոսեի: Կարևորն այն է, որ մենք ընկերական հարաբերություններ ունենք:

Գնում եմ, փաթաթվում եմ, կատակով հրում: Այնպես եմ շփվում, ինչպես իմ մամայի հետ:) Նույնիսկ իմ մամայի հետ ավելի ուշ-ուշ եմ հանդիպում:

 

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Բոշյանի