Ժակը՝ «Ռադիո Վան»-ի 18+ ֆոտոշարքի մասին (լուսանկարներ)

17:56 • 08.12.16

1998 թվականի դեկտեմբերի 8-ին ռադիոհաճախականությունում առաջին անգամ հնչել է «Ռադիո Վան»-ը: Հենց այդ օրվանից ամեն տարի ռադիոյի աշխատակազմը տարբեր ձևաչափերով նշում է տարեդարձը, թեև «Ռադիո Վան»-ի աշխատանքներն ավելի վաղ են սկսվել:

 

Այսօր իսկական տոն էր «Ռադիո Վան»-ում: 18-ամյակի առթիվ նրանք ֆոտոշարք են ներկայացրել, որը կոչել են «18+»: Ֆոտոշարքի մանրամասների մասին Tert.am Life-ը զրուցեց հաղորդավար Ժակի՝ Հակոբ Պապիկյանի հետ, ով 16 տարի է՝ աշխատում է այնտեղ:

 

«Ֆոտոշարքը խելահեղ և տարատեսակ մտքերի ալիքի վրա ստեղծված գործընթաց էր: «Ռադիո Վան»-ի աշխատակիցների յուրահատուկ կերպարներով լուսանկարները որոշակի ասելիք ունեն: Մյուսների մասին չեմ կարող ասել, բայց ես և Գոռ Գլումովը բալերինայի կերպարում ենք, ներկայացել ենք կատակերգական ժանրում: Ասելիքը այն է, որ իր տեղն ու դիրքը հաստատած «Ռադիո Վանը»-ը, որի մասնիկը մենք ենք, չի վախենում լինել զվարճալի: Ամենահումորային բնորոշումը տվեց աղջիկս: Հարցրեց՝ պա՛պ, ե՞րբ են թողարկվելու այս նկարները,  ասացի՝ ռադիոյի ծննդյան օրը: Ասաց՝ պա´պ, իմ ընկերուհու հետ լուրջ զրույց եմ ունեցել ու հարցրել՝ ինչ էլ լինի այս կյանքում դու կմնաս չէ՞ իմ ընկերուհին, և նա ինձ խոստացավ»,-ժպիտով պատմեց Ժակը:

 

 

Հաղորդավարը նշեց, որ «18+»-ի ասելիքն է, թե ինչպես է 18 տարիների ընթացքում «Ռադիո Վանը» դեմ եղել անորակ երաժշտությանը, ցույց տվել, թե որքան պարզ և սովորական կարող են լինել մոտեցումները կյանքում: ««18+»-ը հետաքրքիր նախագիծ է, որը որոշակի ազատություն է, բարդույթներից դուրս լինելու մասին հաղորդագրություն ու թեթևություն: «Ռադիո Վան»-ը և այստեղ հավաքված մարդիկ կարողացել են ֆանտաստիկ կերպով մնալ ու աշխատել, դառնալ ռադիոյի մասնիկ և հեռուն մնալ շատ տարբեր թրենդերից ու մարքեթինգային քայլերից: Մենք փորձում ենք բաց ու մարդկային լինել. հպարտանալ մեր ուժեղ կողմերով, միևնույն ժամանակ, չվախենալ թույլ կողմից: Փորձում ենք մեր ուժերի չափով լինել նոր շնչով ապրող ռադիո»,- նշեց հաղորդավարը:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

 

Ժակը՝ «Ռադիո Վան»-ի 18+ ֆոտոշարքի մասին (լուսանկարներ)