Որ երկրների հետ Հայաստանը կմրցի «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում

16:09 • 31.01.17

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը և Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:

 


Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնան մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:

 

 


Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաև` վայելելու հիանալի երաժշտություն:

 


Հայտնի է նաև մրցույթի այս տարվա տարբերանշանը, որը կազմված է գեղեցկություն և առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական ուլունքների պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին, անհատական դիզայնը, սակայն արժևորվում է միայն ամբողջության համատեքստում։

 


«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:

 

Որ երկրների հետ Հայաստանը կմրցի «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում