«Ես մանթրաշ եմ ընկնում». Գարիկի դժվար վիճակն ու անսպասելի որոշումը «X factor 4»–ում
«X factor 4» նախագծի երեկվա եթերում Գարիկ Պապոյանը ընտրեց իր 3 խմբերին, որոնց հետ շարունակելու է պայքարը: Գարիկը դժվարությամբ կատարեց իր ընտրությունը։ Սկզբում ելույթ ունեցած խմբերը չէին արդարացնում իր սպասելիքները:
«Կուզեի, որ էսօր բացի այն, որ ինձ համար օրը լարված էր, նաև լիներ օր, որում կտեսնեի էն պոտենցիալը, ում հետ ես կմրցեմ էս մարդկանց մասնակիցների հետ: Իրենք հիմա ուրախ-ուրախ խոսում են, որովհետև ընտրել են իրենց մասնակիցներին, պինդ են, ես մանթրաշ եմ ընկնում»,- ասաց Գարիկն ու հավելեց, որ իր սպասելիքներն ավելին են:
Ավելի ուշ խմբերը կարողացան լավ ելույթներով ուրախացնել Գարիկին: Ինչ-որ պահի նա հայտնվեց դժվարին կացության մեջ, երբ չգիտեր՝ ինչպես հրաժարվի այս կամ այն խմբից: Անսպասելի էր, երբ նա հրաժարվեց «Highgae» խմբից:
Հատկանշական էր «Գոռ, Արտակ, Արուսիկ» եռյակի ելույթը, որից հետո Գարիկն ասաց, որ իր պատկերացրածը չի ստացվել. «Իսկապես լավ ելույթ եք ունեցել։ Ոչ մի վայրկյան կասկածելու առիթ չեք տվել` արդյոք այս խումբը արժանի էր այս կազմում լինելու, թե` ոչ։ Այն ինչ պատկերացրել եմ, երբ ձեզ հավաքեցի ու ասացի խումբ եք լինելու, այսօր բեմում տեսա։ Բայց մի թույլ կետ կար, որը ռեփի մասն է։ Փորձում եմ ինչ–որ կերպ ձուլել այն, բայց չի ստացվում։ Ինչպես առաջին անգամ անհասկանալի և անբացատրելի ձևով անցաք նախագիծ, այնպես էլ հիմա։ Դուք նախագծում եք»,– ասաց Գարիկը։
«The steps band»–ի ելույթից հետո Գարիկը որոշեց փոփոխություն կատարել ընտրության մեջ։ Նա Արտակին և Արուսիկին առաջարկեց նոր կազմով ներկայանալ՝ որպես դուետ, և շարունակել ներկայանալ նախագծում։
«Իմ պատկերացրածն ու այսօրվա ստացածը չեն համընկնում։ Ես նոր խմբով եմ Ձեզ տեսնում` դուետով։ Ուզում եմ առաջարկել ձեզ ու եթե մինչև ելույթների ավարտը համաձայնեք, ապա կարող եք բեմ բարձրանալ և ասել ձեր որոշումը։ Ես խոստանում եմ, որ իմ մասնակիցներից մեկը կլքի աթոռը։ Դուետը, որը պատկերացնում եմ կազմված է Արտակից ու Արուսիկից»,– նշեց Գարիկը։ Արտակն ու Արուսիկը, սակայն, որոշեցին, որ առանց Գոռի չեն ցանկանում շարունակել նախագիծը:







