Հայազգի Սեդա Մեջլումյանը Մոսկվայի տանը ձևավորել է հայկական երգչախումբ

15:18 • 15.02.17

 

Հայազգի Սեդա Մեջլումյանը մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում: 2 տարի է՝ նա աշխատանքի է անցել Մոսկվայի մշակույթի տանը, որտեղ ձեռնամուխ է եղել հայկական «Սոլո» երգչախմբի ձևավորմանը: Այժմ Սեդան ունի վոկալի իր խումբը, որտեղ երգում են երեխաներ: Tert.am Life-ի հետ զրույցում Սեդան ասաց, որ շատ ոգևորված է այն մտքից, որ Մոսկվայի մշակույթի տանը բացվել է հայկական խումբ:

 

«Ավելի շատ ոգևորված եմ, որ երեխաներս հայեր են, գործող խումբը հայկական է,- ասաց Սեդան ու նշեց, որ վերջերս իր խումբը մասնակցել է Առնո Բաբաջանյանին նվիրված մրցույթ-երեկոյին,- Կատարեցինք Բաբաջանյանի «Улыбнись» ստեղծագործությունը:  «Լավագույն կատարում»  անվանակարգում նոմինացվել էինք մենք ու ևս 3 մասնակից: Երկու խումբ, որից մեկը մենք ենք, անցանք հաջորդ փուլ: Մայիսի 26-ին կընտրվի լավագույնը»:

 

 

Մինչև այդ՝ մարտի 5-ին, Մոսկվայում կկայանա Սեդայի հեղինակային երեկոն: «Համերգի ժամանակ ներկայացնելու եմ հայկական երգն ու մշակույթը: Ես և սաներս ներկայացնելու ենք իմ հեղինակային երգերը: Կհնչեն նաև հայկական ժողովրդական երգեր: Կլինեն հյուրեր, այդ թվում՝ հայկական ժողովրդական պարի անսամբլներ: Միշտ խուսափել եմ ներկայացնել ինքս ինձ: Իմ փոխարեն դա երեխաներն են արել: Այդ իսկ պատճառով սա իմ առաջին հեղինակային երեկոն է»,- ասաց Սեդան ու նշեց, որ գրում է էստրադային-դասական երգեր, իսկ սաների համար՝ հատուկ մանկական երգեր է գրում:

 

 

Հայազգի Սեդա Մեջլումյանը Մոսկվայի տանը ձևավորել է հայկական երգչախումբ