Դավիթ Աղաջանյանի կազմակերպած անակնկալ խնջույքը Աննա Դովլաթյանի տարեդարձին. VIDEO
Երգչուհի Աննա Դովլաթյանը, ով այժմ խաղում է «Կայարան» հեռուստասերիալում, երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Աննան Tert.am Life–ին է տրամադրել տարեդարձի խնջույքի լուսանկարներն ու տեսանյութերը ու պատմել, թե ինչպես է անցել օրը։
Աննայի տարեդարձի շնորհավորանքները սկսվել են կեսգիշերին, երբ սիրելին՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, ծաղկեփնջով գնացել է ընկերուհուն շնորհավորելու։ «Կեսգիշերին Դավոն ծաղիկներով եկավ մեր տուն, միասին նշեցինք ծնունդս, թեև ես հատուկ չէի պատրաստվել»,– ասաց Աննան ու հավելեց, որ հաջորդ երեկոյան խնջույք են կազմակերպել, որին ներկա են եղել ամենամոտ մարդիկ։ Հայտնի ընկերներից ներկա է եղել դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։ Աննան ցավով նշեց, որ իրեն հարազատ շատ մարդիկ՝ ծնողները, քույրիկն և մտերիմ այլ մարդիկ կողքին չէին՝ երկրում չլինելու պատճառով։

«Այդքան էլ չեմ սիրում ծննդյանս օրը, մի քիչ տխուր եմ լինում։ Նախ՝ չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել, բացի այդ, հասկանում ես, որ մեծանում ես... Ես չեմ սիրում նշել ծնունդս, սակայն Դավոն խնջույք էր կազմակերպել։ Շնորհակալ եմ իրեն, որ նվիրեց ինձ այդ տոնը։ Շատ–շատ ուրախ ու լավ անցավ։ Ամենակարևորն այն անկեղծ ուրախությունն է, որ մնում է առանց ինչ–որ ձևականությունների։ Երբ մարդիկ, մթնոլորտը լավն են լինում, քեզ տոն են նվիրում իրենց բարեմաղթանքներով և աուրայով»,– ասաց երգչուհին։
Սիրելիի մատուցած մյուս նվերը բացահայտել Աննան չցանկացավ՝ նշելով, որ չի սիրում խոսել նման բաների մասին։

Տորթի մոմերը փչելիս Աննան պահել է երազանք, որը գաղտնի չի պահում։ «Ես երբևէ կոնկրետ երազանք չեմ պահում։ Պարզապես ուզում եմ լինել երջանիկ, առողջ, ընտանիքիս կողքին։ Միշտ շնորհակալ եմ Աստծուն։ Միգուցե սխալ է գոռալ այդ մասին, բայց ես ինձ երջանիկ մարդ եմ համարում ու շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ։ Եթե այսքանն էլ պահպանվի իմ կյանքում, գոհ կլինեմ, ավելին չեմ ուզում։ Ամեն մարդ երջանկությունը պետք է իր մեջ գտնի՝ անկախ նյութական արժեքներից։ Եթե դա մեջդ չլինի, շատով էլ չես բավարարվի, ես քչով բավարարվող եմ։ Ուզում եմ երբեք չկորչի իմ ներքին զգացողությունը, ուրախությունն ու հանգստությունը»,– ասաց Աննան։









