Մերի Հակոբյանը միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը
Tert.am Life–ն իր ընթերցողներին արդեն հայտնել է, որ Costa Blanca Fashion Week - International Best Male and Female World 2017 մրցույթին Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը։ Թե ով է մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը, մինչև այս հայտնի չէր։ Մեզ հայտնի է դարձել, որ մրցույթին Հայաստանը կներկայացնի դերասանուհի Մերի Հակոբյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում Մերին խոսել է սկզբում առաջարկը մերժելու և մտավախությունների մասին։
«Այս տարի ներքին կարգով է անցկացվել ընտրությունը։ Ինձ առաջարկեցին ներկայացնել Հայաստանը։ Սկզբում հրաժարվեցի, քանի որ հասակս չի համապատասխանում ստանդարտ չափերին՝ 1.70 և ավելի, սակայն կազմակերպիչները նշեցին, որ Եվրոպայում այդ չափանիշները չեն գործում։ Այստեղ պարամետրերն այնքան էլ էական չեն։ Հաշվի առնելով դա՝ համաձայնեցի»,– պատմեց Մերին։

Ըստ նրա՝ կազմակերպիչները մանրակրկիտ քննարկել են, թե ով կարող է լինել լավագույն տարբերակը, իրեն ընտրել են՝ հաշվի առնելով ռեյթինգը, ոճը ու արտաքնապես մոդելային չափանիշներին համապատասխան լինելը։
Այս ոլորտում Մերին սկսնակ է։ Հայաստանը ներկայացնելը նրա համար պատասխանատու և ռիսկային քայլ է։ «Փորձում եմ այս դաշտում էլ ներկայանալ։ Կարծում եմ՝ պատվով կներկայացնեմ Հայաստանը։ Ինձ համար էլ էր սա ռիսկային քայլ, քանի որ մինչև այս չեմ ներկայացել որպես մոդել, սակայն շահավետ առաջարկ էր, համաձայնեցի»,– ասաց նա։

Հստակեցմանը՝ առաջարկը շահավետ էր ֆինանսակա՞ն տեսանկյունից, Մերին արձագանքեց. «Չեմ ուզում ավելի շատ բացել փակագծերը, քանի որ ես ավելի շատ մտածում եմ արված աշխատանքի մասին՝ հաշվի առնելով, թե հետո դա ինչ կտա ինձ։ Փառք Աստծո, ես վատ չեմ վաստակում որպես դերասանուհի, դրա համար ավելի շատ ինձ համար կարևոր էր ոչ թե ֆինանսական մասը, այլ ռեյթինգը, այս ոլորտում փորձ ձեռք բերելը»։
Նա նշեց, որ թեև որպես մոդել ներկայացնելու փորձ չի ունեցել, մասնակցել է դասընթացների։ Բացի այդ, մրցույթից առաջ ևս լինելու են դասընթացներ, որոնց ժամանակ իրենց սովորեցնելու են՝ ինչպես քայլել և ներկայանալ։









