«Արծվաբույն» ներկայացումը Արցախյան գոյամարտի տարիների մասին է

16:21 • 15.03.17

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում նոր ներկայացում է ներառվել` «Արծվաբույն»։ Երկու մասից բաղկացած դրաման, որի հեղինակը Հրաչ Բեգլարյան է,  բեմադրողը` Դավիթ Հարությունյանը։  Գլխավոր դերերում են՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի՝ Ջուլիետա Ստեփանյանը,  Մարիամ Դավթյանը,  Ծովինար Մարտիրոսյանը, Անդրանիկ Զաքարյանը։

 

Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհի Մարիամ Դավթյանը խոսեց ներկայացման սյուժեի և մարդկանց արձագանքների մասին։

 

«Ներկայացումը նվիրված է 1990–ականների Արցախյան ճակատամարտին։ Պիեսի մեջ ներառված են այդ թվականներին կռվի դաշտում իրականում տեղի ունեցած դեպքեր ու մի շարք պատմություններ։ Կերպարները բավականին ցայտուն են, բավականին շոշափելի և ազնիվ։ Ներկայացման սյուժեն զարգանում է ռմբակոծված սահմանամերձ մի գյուղում՝ Քարակապում, որտեղ բնակվում է 80–ամյա Ամայ մայրիկը։ Նա գյուղի միակ բնակիչն է։ Գյուղի մոտակայքում զօր ու գիշեր պայքար են մղում կամավորական ջոկատի տղաները։ Ավիրված Քարակապի կիսաքանդ տներից մեկում հայտնվում է Երևանից ժամանած երիտասարդ թղթակցուհին՝ Սոնան։ Վերջինիս նպատակն է փնտրել իր ամուսնուն, որը մարտի դաշտում էր։ Սոնան ինքնակամ հայտնվում է պատերազմի բովում ու ջանասիրաբար կատարում իր աշխատանքը»,– պատմեց Մարիամը։

 

 

Վերջինիս  խոսքով` պիեսի դրամատիզմին միախառնվում են ամենօրյա, սովորական դարձած հումորները, ֆիդայական երգերն ու պարերը, զավեշտալի դրվագները։

 

Մարիամը նշեց, որ ներկայացմանը սկսել են պատրաստվել դեռևս 2015 թվականից։ «Ապրիլյան դեպքերից հետո ավելի մեծ պատասխանատվությամբ սկսեցինք աշխատել ներկայացման վրա։ Սա այնպիսի թեմա է, որ պետք է կարողանաս ճիշտ մատուցել»,– նշեց դերասանուհին։

 

 

Ի դեպ, «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան փետրվարի 7–ին է կայացել։ Դերասանուհու խոսքով ներկայացումը սիրվել է  հանդիսատեսի կողմից. մեծ ծափողջույներով և դրական խոսքերով արձագանքեցին։ «Չնայած լավ խոսքերի նաև հնչեցին քննադատություններ։ Նորմալ եմ նայում քննադատություններին, քանի որ արվեստը սպորտ չէ։ Այն ավելի շատ սուբյեկտիվ գնահատական ունի։ Բացի այդ դերասանը  պետք է պատրաստ լինի քննադատություններին, քանի որ բոլորին չես կարող դուր գալ։ Քննադատություն լսելը հաճելի չէ, բայց եթե օբյեկտիվ է, ապա կարելի է լսել ու ընդունել»,– նշեց դերասանուհին։

 

Ապրիլի 6–10–ը դերասանական կազմը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կմեկնի Ստեփանակերտ, Ղափան եւ Գորիս` խաղալու ներկայացումը։ Շրջագայությունից հետո նրանք Երևանում ևս կցուցադրեն այն։

 

 

Նյութը` Մելինե Տոնոյանի

 

«Արծվաբույն» ներկայացումը Արցախյան գոյամարտի տարիների մասին է