Ռիշար Կլայդերմանը Հայաստան այցի, համերգային ծրագրի ու տպավորությունների մասին
Ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը Երևանում է։ Մարտի 18–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը, որը նվիրված է կանանց միամսյակին։
Լրագրողների հետ հանդիպմանը Ռիշար Կլայդերմանն ասաց, որ այս անգամ նոր ստեղծագործություններ են հնչելու, համերգը տարբերվելու է նախորդից։ Կհնչեն հանրահայտ և սիրված ստեղծագործություններ` Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլն։

«Կարծում եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ ընծա մատուցել ձեր երկրին ու հայկական կտորներ նվագել»,– ասաց Ռիշար Կլայդերմանը։
Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող դաշնակահարը երկրորդ անգամ է համերգ տալիս Երևանում։ Նա նշեց, որ շատ տպավորված է եղել առաջին համերգից։
«Իմ առաջին այցի ժամանակ հաճույք եմ ստացել։ Ընդունելությունը շատ ջերմ էր։ Նվագեցի շատ լավ երաժիշտների հետ։ Ինչ վերաբերվում է երկրորդ այցին՝ երեկ գիշերն եմ եկել ու առաջին հանդիպումս հենց ձեզ հետ է։ Հետո երաժիշտների հետ փորձերի ենք գնալու»,– հավելեց դաշնակահարը։

Ռիշար Կլայդերմանն ափսոսանքով նշեց, որ կարճ ժամանակով է Երևանում և չի հասցնի շրջել ու ծանոթանալ քաղաքին։ Նա խոսք տվեց, որ հաջորդ անգամ ավելի երկար ժամանակով կգա, քանի որ ցանկությունը մեծ է։ «Բացի այստեղից, այլ երկրներում եմ համերգներ կան։ Դա է պատճառը, որ չեմ կարող մնալ»,– ասաց նա։
Անդրադառնալով կանանց միամսյակին` դաշնակահարն ասաց. «Իմ երգացանկում կան շատ ռոմանտիկ ստեղծագործություններ, գեղեցիկ ֆիլմերից հատվածներ, որոնք կնվիրեմ կանանց։ Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և ուզում եմ, որ երաժշտության հանդեպ սերը կիսենք միասին»։
Լրագրողների հետ հանդիպման վերջում դաշնակահարը մի քանի կատարում նվագեց։




Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







