«Առաջնորդները» դուրս են գալիս միջազգային շուկա. աննախադեպ քայլ սերիալարտադրության ոլորտում
Հայկական սերիալային պատմության մեջ առաջին անգամ տեղական արտադրանքը վաճառվում, թարգմանվում, ապա ներկայացվում է օտարերկրացի հեռուստադիտողին՝ ընդլայնելով դիտողների շրջանակը: Մի քանի օր է` Արմենիա TV-ի «Առաջնորդները» հեռուստասերիալը ցուցադրվում է Ղազախստանում:
Tert.am Life-ի հետ զրույցում «Արմենիա TV»–ի տնօրեն Դավիթ Բաբախանյանն ասաց, որ Ղազախստանի գործընկերների հետ տևական ժամանակ բանակցությունների մեջ են եղել։ «Նրանք հետաքրքրվում էին հայկական հեռուստաարտադրանքով։ Առաջին գործարքը սկսվեց «Առաջնորդները» սերիալով»,– ասաց նա։
«Առաջնորդները» թարգմանվել և ցուցադրվում է Ղազախստանի 7-րդ ալիքով՝ փրայմ թայմին։ «Այն բավականին մեծ լսարան ունի։ Լավագույն հնգյակում է։ Ղազախստանում, ի տարբերություն մեզ շատ ավելի շատ հեռուստաընկերություններ կան»,–նշեց Դավիթ Բաբախանյանը:

Մինչև օրս նկարահանվել է «Առաջնորդների» 400 սերիա։ Հեռուստասերիալի ավարտը նախանշվում է օգոստոսին։ Ավելի վաղ Դիանա Գրիգորյանն ասել էր, որ սերիալի ավարտը կախված է ռեյթինգներից։ «Առաջնորդները» շարունակում է ունենալ առաջատարի բարձր վարկանիշ, սակայն այժմ նկարահանվում են վերջին 50 մասերը։ «Ցանկացած երկարատև սերիալ իր ավարտին մոտ սկսում է սպառել իրեն, մենք պարզապես ցանկանում ենք սերիալը ժամանակին ավարտել։ Ի վերջո, միշտ ուզում ես սկսել նոր գործ, որը կլինի ավելի լավը, քան նախորդը»,– նշեց «Արմենիա TV»–ի տնօրենը։
Դավիթ Բաբախանյանը նկատեց, որ 18 միլիոն բնակչություն ունեցող Ղազախստանը բավականին լուրջ շուկա է հայկական հեռուստաարտադրանքի համար. «Մեզ համար շատ ոգևորիչ է և կարող է մեծ ապագա ունենալ: Եթե համագործակցությունն ամրանա և շարունակական լինի, հետաքրքիր արդյունքներ կարձանագրենք»։
Հայկական սերիալների վաճառքը կարող է հող նախապատրաստել ոլորտի զարգացման համար։ «Արմենիա TV»–ն մտադիր է ընդլայնել վաճառքի շուկան։ Սա զարգացման առաջին քայլն էր, երբ տեղական կոնտենտը մրցունակ էր և վաճառվեց միջազգային շուկայում:








