«Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես». Նարեկ Հախնազարյան
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Ֆեյսբուքի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և հիացական մակագրություն գրել.
«Հիանալի զգացողություն է կյանքում հասնել ինչ-որ բանի և հպարտանալ դրա համար, սակայն անգին է հպարտության այն զգացումը, որն ունենում ես այնպիսի մեկի մեծ հաջողության համար, ում դու հարգում ես, ումով հիանում ես:
Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես: Ոչ միայն այն պատճառով, որ դու հանճարեղ խաղացող ես, այլև քո մարդկային բոլոր որակների` բարիության, ինտելեկտի և հիասքանչ համեստության համար: Չեմ կարող հաշվել, թե քանի մարդու եմ համոզել և վիճաբանել նրանց հետ` ցանկանալով ապացուցել, թե որքան կարևոր էր քո տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»` ոչ միայն անձնապես ինձ համար, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է, այլև քո, մեր բոլորի, Հայաստանի ֆուտբոլի և ողջ ազգի համար: Իհարկե, դա մեծ ռիսկ էր, և ես գիտեմ, թե որքան դժվար էր քեզ համար ընդունել այդ որոշումը, սակայն դու օրինակ ծառայեցիր բոլորիս` ինչպես երբեք կանգ չառնել՝ ունեցած նվաճումներով չբավարարվել, միշտ գնալ առաջ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Պրեմիեր Լիգա»-ի, այլև ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրավո, իմ ընկեր»։









