«ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի հարսը` մոդել–դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը, կժամանի Հայաստան

17:58 • 11.04.17

Ամռանը Երևանում կկայանա «Արտ ֆեստ» երիտասարդական փառատոնը, որին կմասնակցի նաև մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը։ Այս տարի նա լինելու է «Արտ Ֆեստի» հագուստի մոդելավորման բաժնի ժյուրիի կազմում, փառատոնային օրերին էլ գտնվելու է Հայաստանում: Այս մասին Tert.am Life–ին հայտնեց փառատոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Ծովինար Կարապետյանը։

 

Բեբիմերի Սթրոմբերգը ծնվել է Տանզանիայում` դիվանագետի ընտանիքում: Սերում է տանզանիական ամենամեծ Սուկումա տոհմից։ նրա կարգավիճակը թույլ է տալիս դառնալու այդ տոհմի թագուհին: Բարձրագույն կրթություն Բեբիմերին ստացել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև վերադարձել Տանզանիա, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն: Ի դեպ, վերջինս շվեդական աշխարհահռչակ «ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի որդին է:

 

Մասնագիտությամբ դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը որոշ ժամանակ զբաղվել է նաև հոգևոր երգարվեստով («Gospel» ժանրում), այժմ նկարահանվում է տարբեր ամսագրերի համար, պատրաստվում է մասնագիտական գրքի հրատարակման:

 

«Ինձ համար մեծ պատիվ է «Արտ Ֆեստի»՝ այս հիանալի միջոցառման մի մասնիկը դառնալը: Արվեստը գեղեցիկի մշակույթն է, որը մենք պետք է հարգենք, սկսենք ավելի գնահատել և սիրով ընդունել: Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք Երևան և կհանդիպեմ նոր, երիտասարդ ու տաղանդավոր արվեստագետների, հագուստի մոդելավորողների և այլ մասնագետների հետ: Սա նոր բացահայտումների, գործնական սեմինարների և գործարար կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է: «Արտ Ֆեստիմ»մաղթում եմ ամենայն բարիք»,- ասել  է դիզայները` «Արտ Ֆեստին» հղված ուղերձում:

 

«ABBA» խմբի անդամ Բեննի Անդերսոնի հարսը` մոդել–դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը, կժամանի Հայաստան