6 պատճառ, թե ինչու պետք է նայել Stand Up հումորային նախագիծը
Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում»-ի եթերում ապրիլի 7–ին ցուցադրվեց Stand Up հումորային շոու նախագիծը, որը մեծ արձագանք ստացավ։ Tert.am Life–ը զրուցել է նախագծի աղջիկ ստենդափերների` Լյուսի Ալեքսանյանի և Մարիամ Մուրադյանի հետ։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է 3–ական պատճառ, թե ինչու պետք է դիտել Stand Up հումորային շոու նախագիծը։
Լյուսի Ալեքսանյան
o Այն կստիպի ձեզ ծիծաղել: Ակնհայտ է, չկա ավելի հաճելի զգացողություն, քան ուրախությունը, ծիծաղը։ Ոչ ոք չի հրաժարվի լսել զվարճալի կատակներ, քանի որ դա սթրեսից և հոգնած վիճակից դուրս գալու, ցրվելու և լիցքաթափվելու լավագույն միջոցներից է:
o Այն կստիպի ձեզ մտածել: Հումորի այս ժանրում կատակները բոլորիս մասին են: Դիտելով Stand Up–ի ելույթները՝ դուք կարող եք սկսել իրերին նայել այլ կերպ, քանի որ մեր կյանքի տխուր և հեգնական կողմերի մասին սթենդափերները խոսում են հումորով և, անգամ, ծաղրանքով, ինչը ստիպում է լսողին մտածել, որ իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ. նյարդայնացնող երևույթներին կարելի է հումորով մոտենալ:

o Stand Up–ը մտերմացնում է: Իհարկե, կարելի է Stand Up–ը դիտել մենակ և ծիծաղել մեր իսկ վատ սովորությունների վրա, սակայն երբ ելույթները դիտում ենք ընկերների հետ, բացահայտում ենք շատ ճշմարտություններ մեր կյանքից։ Դրանք ստիպում են մեզ խոստովանել, թե ինչքան անհեթեթ բաներ կան, որոնք բոլորս էլ անում ենք կամ առնչվում դրանց և հիշել օրինակներ ձեր իսկ շրջապատից և առօրյայից, որոնք կարող էին դառնալ հենց այդ կատակի առարկան:
Այս ամենի վերջում շատ տեղին է հիշել Օսկար Ուալդի խոսքերը, որն ասել է. «Երևակայությունը մարդուն տրված է, որպեսզի սփոփի նրան այն բանում, ինչը չկա, իսկ հումորի զգացումը՝ այն բանում, ինչը կա»:
Մարիամ Մուրադյան
o Մեր նախագծին, կարծում եմ, որ պետք է հետևել առաջինը հենց նրա համար, որ այն հումորային է, իսկ հումորն անգույն առօրյայի մի մասին գույն տալու լավագույն միջոցն է: Մենք առանց այն էլ շատ ստանդարտ ենք ապրում, իսկ Stand Up–ն ինքնին դուրս է մեզ ծանոթ ստանդարտներից և հանդիսատեսին էլ է իր հետևից տանում այդ սահմաններից դուրս։

o Stand Up պետք է նայել, որովհետև ամենատես ժանր է, այն նկատում է բաներ, որոնք անում ենք բոլորս, բայց երբեք չենք ծիծաղում դրանց վրա կամ մտածում դրանց շուրջ: Stand Up -ը ստիպում է ծիծաղել սեփական սովորությունների վրա, իսկ ինքդ քեզ վրա ծիծաղելը ազատում է ավելորդ կոմպլեքսներից:
o Մեր նախագիծը պետք է նայել նաև, որովհետև վերջապես ասպարեզում հայտնվել են մարդիկ, որոնք իրենց ձևով կկոտրեն այն կարծրատիպը, որ կինը չի կարող միաժամանակ մտածել և հումոր անել: Նախագծում 2 աղջիկ ենք։ Մենք կանենք “մտածված” հումորներ, իսկ մարդիկ, որոնք վերը նշված կարծիքով են առաջնորդվում. կմտածեն մեզ հետ ու կծիծաղեն:







