5 բյութի հնարք մաշկի ամենօրյա խնամքի համար
Գեղեցիկ ու կատարյալ տեսք ունենալու համար աղջիկները ստիպված են ոչ միայն շատ ժամանակ վատնել, այլև բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաներ անել՝ դիմակներ, մաքրում, խոնավեցում և այլն։
Tochka-ն գրում է, որ կա մի քանի խորամանկություն, որոնց շնորհիվ կկարողանաք արագ ու հեշտ կարգի բերել դեմքն ու խնամել մաշկը։
1. Թարմացրեք դեմքի գույնը։ Մարդիկ առաջին հերթին հենց դեմքի գույնն են նկատում։ Գարնանը մեր մաշկն արթնանում է ու վիտամինների հավելյալ քանակ է պահանջում։ Վիտամինների պակասությունն առաջին հերթին դեմքին է երևում։ Դեմքն արագ թարմացնելու համար ձեզ սառույցի կտոր պետք կգա։ Առավոտյան սառույցի կտորով լվացվեք, քանի որ այն արագացնում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով ավելի թարմ տեսք եք ունենում։

2. Վերացրեք աչքերի տակի մուգ հետքերը։ Անքուն գիշերներն ու սթրեսային իրավիճակները մուգ հետքերի տեսքով հայտնվում են աչքերի տակի հատվածում։ Դրանք վերացնելու հեշտ տարբերակ կա։ Դեմքի քսուքն ամբողջ գիշերով սառնարանը դրեք, իսկ առավոտյան կետերով տարածեք աչքերի տակի հատվածում։ Քսուքն արագ կներծծվի ու կվերացնի մուգ հետքերը։

3. Տարբեր դիմակներ օգտագործեք։ Դիմակները շատ օգտակար են դեմքի մաշկի համար, սակայն մեկ դիմակը չի կարող ազդել միանգամից բոլոր խնդիրների վրա։ Դրա համար փորձեք «մուլթիմասքինգ» տարբերակը։ Դեմքի ամեն հատվածի համար համապատասխան դիմակ ընտրեք ու տարածեք։ Արդյունքում մի քանի դիմակ միանգամից կտարածեք, սակայն դրանք չեն խանգարի միմյանց։ Այս մեթոդի շնորհիվ դեմքի ամեն հատվածը համապատասխան խնամք է ստանում։

4. Դեմքի պիլինգ արեք։ Գիշերային քսուքի ազդեցությունը լավացնելու համար դեմքի պիլինգ արեք։ Դրա համար համապատասխանում է մանրեցված վարսակը։ Վրան մի փոքր գոլ ջուր լցրեք ու շրջանային շարժումներով տարածեք դեմքին։ Պրոցեդուրան կրկնեք գիշերը՝ գիշերային քսուք օգտագործելուց առաջ, շաբաթը մի քանի անգամ։

5. Գիշերը խոնավեցրեք մաշկը։ Գիշերվա ընթացքում դեմքը խոնավեցնելու համար տարբեր յուղեր օգտագործեք։ Նախապատվությունը տվեք ձիթապտղի, նուշի, կոկոսի կամ ծիրանի կորիզի յուղերին։ Տարածեք քնելուց առաջ ու լվացվեք առավոտյան։ Ավելի լավ արդյունքի համար յուղերը մերսող շարժումներով տարածեք։








