ТНТ–ն գալիս է Հայաստան` գտնելու նոր էքստրասենսների
ТНТ հեռուստաընկերության անձնակազմը գալիս է Հայաստան։ Битвa экстрасенсов հաղորդաշարի տասնամյա պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում քասթինգ կարվի, որպեսզի նախագծի համար ընտրվեն հայ էքստրասենսներ։ Հաղորդաշարի նկարահանող խումբը Հայաստանում փնտրելու է նոր էքստրասենսների։ Ծրագրի 18-րդ եթերաշրջանի քասթինգը Երևանում կկայանա մայիսի 3-ին և 4-ին։
Битвa экстрасенсов նախագծի պրոդյուսեր Մարիա Շայկևիչը Tert.am Life–ին հայտնեց, որ Հայաստանի ընտրությունը պատահական չի արվել։ Битвa экстрасенсов-ի խմբագրությունը հազարավոր նամակներ է ստանում Հայաստանից։ Մարդիկ հետաքրքիր պատմություններ են պատմում, գրում իրենց ընկերների էքստրասենսոր ունակությունների մասին ու նկարագրում այնպիսի դեպքեր, որոնց եղելությունը հնարավոր չէ գիտականորեն բացատրել։ Ըստ նրա` Հայաստանը համապատասխանում է հաղորդման ձևաչափին։ Битвa экстрасенсов-ում երկու անգամ մասնակցություն ունեցած Նոնա Հիդիրյանը հասել էր եզրափակիչ փուլ ու, գրեթե, հաղթել։
Հաղորդման քասթինգ-մենեջերները որոշել են հետաքրքիր մասնակիցներին փնտրել իրենց պատմական հողում։ Երևանյան քասթինգը կտևի երկու օր։ Պահանջները շատ խիստ չեն լինի։ Բոլոր մասնակիցները պետք է փորձություն հաղթահարեն, որի ընթացքում կկարողանան ցուցադրել իրենց կարողությունները։ Փորձության ընթացքում էքստրասենսը կարող է օգտագործել իրեն անհրաժեշտ բոլոր գործիքները։ Կարևոր է միայն ցույց տալ այնպիսի արդյունք, որը կհամոզի քասթինգ-մենեջերներին ընտրել հենց իրենց։
«Մենք շատ կցանկանայինք, որ երևանյան քասթինգին գային մարդիկ ամբողջ Հայաստանից։ Հնարավոր է, որ մեր բախտը բերի և հենց նրանց մեջ կարողանանք գտնել յուրահատուկ հնարավորություններով մարդու, ում մասին նախկինում չէինք լսել։ Մոսկվա հասնել կամ քասթինգին սկայպով մասնակցել բոլորը չեն կարող, քանի որ որոշ էքստրասենսներ նույնիսկ համացանցից չեն կարողանում օգտվել։ Այնպես որ, հորդորում ենք բոլորին, եթե ձեր քաղաքում կամ գյուղում այնպիսի մարդ կա, ով էքստրասենսոր հնարավորություններ ունի՝ օգնեք նրան հասնել Երևան։ Մենք ինքներս նրան կտանենք Մոսկվա »,- ասաց նախագծի պրոդյուսեր Մարիա Շայկևիչը։
Ի դեպ, Հայաստանը Ուկրաինայից հետո երկրորդ երկիրն է, որը կմասնակցի Битвa экстрасенсов նախագծին։ Նախկին քասթինգն անցել է Կիևում՝ մի քանի տարի առաջ։
Երևանի քասթինգը կանցնի Արշակունյաց 5 հասցեում։ Ցանկացողները կարող են զանգահարել +374-10-369344 հեռախոսահամարով։







