«Այդպիսի մարդկանց անվանում ենք դահիճներ». Ջումբեր Կուկիելին «Եղնիկների կածանում» մարմնավորած ադրբեջանցի սպայի մասին
Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շարունակվում է «Եղնիկների կածանը» 20 մասանոց գեղարվեստական ֆիլմը։ Հրաչ Քեշիշյանի ֆիլմն առնչվում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին նախորդող երկու տարիներին։ Ֆիլմի կերպարներին մարմնավորում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի դերասաններ։ Tert.am Life–ը կապ է հաստատել վրաց հայտնի դերասան Ջումբեր Կուկիելիի հետ և զրուցել «Եղնիկների կածանում» իր մարմնավորած դերի մասին։
«Առաջարկը ստացել է իմ մենեջերը։ Մենք զրուցեցինք հայկական կողմի հետ և համաձայնության եկանք։ Սա իմ առաջին համագործակցությունն է հայ ռեժիսորի հետ։ Ինձ համար նկարահանումները լավ են ընթացել։ Ֆիլմը չեմ դիտել, այնպես որ, չեմ կարող կարծիք հայտնել։ Ուզում եմ, որ այն լավ ստացված ֆիլմ լինի»,– ասաց դերասանը։

Վերջինս ֆիլմում մարմնավորում է ադրբեջանցի սպայի։ Անդրադառնալով իր կերպարին` Ջումբերը նշեց. «Անգամ չգիտեմ, ինչպես բնութագրել նրան։ Մեկ բառով` վատ մարդ է։ Ես ցավում եմ, եթե նման մարդ, նման սպա կա, էական չէ, թե որ բանակում։ Այդպիսի մարդկանց անվանում ենք դահիճներ։ Որտեղ էլ ապրեն, նմանները խայտառակում են և՛ երկիրը, և՛ բանակը։ Նրանք հարգված չեն իրենց երկրում ու բանակում, անգամ իրենք իրենց չեն հարգում։ Կարծում եմ, մարդն իրեն արժանի պետք է պահի, որպեսզի թշնամին էլ հարգի իրեն»։
Դերասանից հետաքրքրվեցինք` հետագայում նորից կհամագործակի՞ հայ ռեժիսորի հետ. «Այնպես չի, որ դա միայն իմ որոշումն է։ Եթե լինեն հետաքրքիր առաջարկներ, ինչու ոչ»։










