Տիգրան Համասյան. «Անհամբերությամբ եմ սպասում հայաստանյան համերգներին»

15:04 • 05.05.17

Մայիսի 7-ին և 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի երկրպագուները կվայելեն նրա նոր՝  An Ancient Observer ալբոմի ստեղծագործությունները։ Երաժիշտն այս ալբոմն արդեն ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում և 27 համերգ է ունեցել շրջագայության ընթացքում։ Համերգները  կշարունակվեն մինչև 2018 թվականի վերջ:

 

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տիգրան Համասյանն ասաց, որ համերգի ժամանակ մեծ մասամբ կհնչեն նոր ալբոմի ստեղծագործությունները, սակայն կլինեն կատարումներ նաև նախկին ալբոմներից։

 

«Այս ալբոմի շնորհանդեսը կայացել է մարտի 31-ին,  սոլո ալբոմ է, որում ներառված են  վերջին չորս տարիներին գրածս ստեղծագործությունները: Ալբոմում ներառված է նաև երկու գործ, որոնք հիմնված են հայկական մեղեդիների վրա։ «Էտյուդ N մեկ»–ը հայկական ժողովրդական երգի մշակում է,  մյուս ստեղծագործությունը հիմնված է հայկական ժողովրդական երկու մեղեդիների վրա, նվիրված է Եղիշե Չարենցին»,- ասաց նա, ապա հավելեց, որ պատրաստվում է անել էտյուդների շարք, որում ընդգրկված ստեղծագործությունները հիմնված կլինեն ժողովրդական պարզ մեղեդիների վրա, բայց կլինեն բարդ, ռիթմիկ էտյուդներ:

 

 

«Կարծում եմ` ժողովրդական երաժշտությունը կարիք չունի մշակման, քանի որ իդեալական և կայացած երաժշտություն է։ Երբ ձեռք ես տալիս այդ երաժշտությանը, դա պետք է հիմնավորված լինի։ Մարդը պետք է ապրի այդ երաժշտութունը, ոչ թե լսի, մի 2 ջազային ակորդ ավելացնի ու կարծի, որ մշակույթ է։ Ես նման բան փորձում էի 15 տարեկանում, բայց ոչ մի տեղ չեմ հրատարակել դա։ Չի կարելի մակերեսային մի բան անել ու ներկայացնել հանրությանը։ Դա  հայհոյանք է հայկական ժողովրդական երաժշտության հասցեին։ Իհարկե, կան բաներ, որ ինքս էլ արել եմ, հիմա մտածում եմ` ինչու  արեցի։ Չեմ ասում, որ մարդը պետք է վախենա, ուղղակի այդ երաժշտությունը ներկայացնելիս պետք է այն բարձրացնի, ոչ թե օգտագործի»,– ասաց նա։

 

Համասյանը նկատեց, որ Հայաստանում նվագելիս շատ էներգիա է ծախսում, քանի որ պատասխանատվությունը շատ մեծ է. «Ոչ մի համերգի այդքան էներգիա չի գնում: Անհամբերությամբ եմ սպասում հայաստանյան համերգներին: Հենց մի նոր ստեղծագործություն եմ գրում, պատկերացնում եմ, թե երբ է գալու այն օրը, որ մերոնք լսեն»:

 

 

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանում ընդունված է կարծել, թե մեծ լսարան ունեն միայն ցածրորակ երաժշտությունը, սակայն իր համերգը հանդիսատեսի համար այնքան սպասված էր, որ առաջին օրվա տոմսերն ամբողջությամբ սպառվեցին և կարիք եղավ երկրորդ համերգի, Համասյանը նկատեց, որ այդ խնդիրն ամեն տեղ էլ կա։ Յուրաքանչյուր երկիր իր մոտեցումն ունի այդ հարցին։

 

«Օրինակ, Եվրոպայում ինչպես է զարգանում հանդիսատեսը. կան պետական թատրոններ, որտեղ, օրինակ 2 տարվա ծրագրում ներառված է 100-150 համերգ։ Ներկայանում են տարբեր ազգերի լավագույն երաժիշտները։ Այսինքն` թատրոնի հանդիսատեսը կրթվում է։ Նրանք մի տարվա ընթացքում լսում են այն, ինչ մենք կարող ենք լսել 20 տարվա ընթացքում։ Չի կարելի ասել, որ կա վատ երաժշտություն, դրա համար մարդիկ դա են լսում։ Ամերիկայում ավելի վատ երաժշտություն կա, որը երաժշտություն էլ չէ։ Այնտեղ դա ավելի մեծ խնդիր է, քան Հայաստանում։ Բոլոր երկրներում էլ մշակութային տարբեր խնդիրներ կան։ Պետք է հասկանալ` ինչպես անել, որպեսզի ժողովուրդը կրթվի դեպի լավագույն մշակույթ։ Հայաստանում  երաժիշտներն էլ պետք է հասկանան, որ ամենակարևորը բարձրորակ  երաժշտություն ներկայացնելն է։ Դրա համար երկար տարիների մեծ աշխատանք է պետք։ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ մրցակցություն չկա»,– նկատեց երաժիշտը։

 

 

Լուսանկարները` Գրիգոր Հովսեփյանի

Տիգրան Համասյան. «Անհամբերությամբ եմ սպասում հայաստանյան համերգներին»