Եվա Ռիվաս. «Շնորհակալ եղեք»

15:11 • 08.05.17

Երգչուհի Եվա Ռիվասը Ինստագրամի իր էջում հրապարակել է նամակագրություն, որից պարզ է դառնում, որ նրա մայրն առողջական խնդիրներ ունի և քիմիոթերապիա է անցնում և ծավալուն գրառում  արել.

 

«Ես սա հենց այնպես ցույց չեմ տալիս։ Սա իմ ծրագրերի մասին է։  Սա հուսահատվածների,  աշխատանք, սեր, ընտանիք, առողջություն գտնելու հույսը կորցրածների համար մոտիվացիա է։ Ես հաճախ եմ մոտիվացնող գրառումներ անում և այս նամակագրությունը ցույց է տալիս, որ ես նաև այդպես ապրում եմ, ոչ միայն գրում ձեզ համար։ Ցանկանում եմ ասել, որ պետք է գնահատեք այս կյանքն ու ամեն հնարավորությունը, որպեսզի չտանջվեք ու չարտասվեք, որ ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Հիշեք, որ դուք չեք կարող կանխել այն, ինչ կանխորոշված է կամ հրահրել այն, ինչ չպետք է կատարվի։ Դուք պարտավոր եք ամեն օր շնորհակալություն հայտնել Աստծուն` այն ամենի համար, ինչ նա տվել է՝ հագուստ, սնունդ, քնելու տեղ, այն բանի համար, որ նա ձեզ ևս մեկ օր է տվել և դուք կարողացել եք ապրել այն։ Շնորհակալություն հայտնեք մտերիմների ու հարազատների համար, նրանց կյանքի, ժպիտի, առողջության։ Շնորհակալ եղեք անհաջողությունների ու դժբախտությունների, պարտությունների համար, քանի որ այդ ամենը մեծ դաս է տալիս ձեզ։ Քանի դեռ չեք գիտակցում դա, Ամենակարողը չի հարթեցնի ձեր կյանքը։ Դուք չեք ստանա այն, ինչ ցանկանում եք, քանի դեռ բողոքում եք։ Կարևոր չէ, թե քանի տարի եք սպասելու ձեր ցանկության կատարմանը, դուք պարտավոր եք համբերատար սպասել, հանգիստ ապրել և ուրախանալ  այս պահին` լույսով, շնչով ու ջրով։ Եթե մտածեք, շատ կզարմանաք, թե ինչքան շատ բանի համար պետք է շնորհակալ լինեք Նրան։ Ապագայի համար ոչինչ մի ծրագրեք, ամենաշատը առաջիկա ամսվա համար։ Դա անօգուտ է։ Ամեն պահի ձեր ցանկությունը կիրականանա ու ձեր կյանքը կփոխվի։

 

Այս գրառումը օգտակար կլինի միայն մոլորյալներին, նրանց, ովքեր վատ դրության մեջ են։ Ես պարզապես լցված եմ էներգիայով, հրաշալի տրամադրություն ունեմ և ցանկանում եմ պայթել ուրախությունից, քանի որ իմ հոգում Աստված կա, քանի որ նա լսում է ինձ, կատարում է իմ խնդրանքները, երբ ես արժանի եմ լինում։ Ես նրա հետ ներդաշնակության մեջ եմ ապրում, այդ պատճառով էլ կարող եմ հասնել այն ամենին, ինչ ցանկանում եմ։ Այդպես կարող է յուրաքանչյուրը։ Հավատացեք ինձ։ Եթե շատ եք սպասում ձեր ժամին, դա չի նշանակում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, դա նշանակում է, որ ամեն ինչ առջևում է և պետք է համբերատար սպասել և ապրել՝ ամեն ինչի համար ուրախանալով։ Զգացմունքներս չափազանց շատ են, մտքիս թելը կորցնում եմ, բայց այն պետք է հասկանալի լինի։ Սիրեք ինքներդ ձեզ, ձեր հարազատներին, կյանքն այնպիսին, ինչպիսին կա։ Օգնեք կարիքավորներին, հիվանդներին, աղքատներին։ Ամեն օր ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք ու  անդադար խնդրեք այն, ինչ ցանկանում եք։ Այդպես կլինի»։

 

Եվա Ռիվաս. «Շնորհակալ եղեք»