«Երևանի գինու օրեր» փառատոնը ֆոտոշարքով
Երևանցիները հաճախ են գնում Սարյան փողոց` գինի ըմպելու։ Նախորդ օրերին փողոցն առավել մարդաշատ էր. Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկը փակ էր։ «Երևանի գինու օրեր» փառատոնը գրավել էր մեծ թվով երևանցիների և զբոսաշրջիկների, որոնք, այս օրերին բավականին շատ են Երևանում։ Tert.am Life–ը ֆիքսել է փառատոնի հետաքրքիր դրվագները։
Նատաշան Մոսկվայից է, սակայն այս փուլում Հայաստանում է ապրում և աշխատում։ Նա բավականին տպավորված էր փառատոնով։ «Ամեն բան շատ լավ է անցնում, շատ լավ է կազմակերպված, չկան հերթեր, ինչը թույլ է տալիս վայելել ամեն բան։ Հաճելիորեն զարմացած եմ։ Հայկական գինին ուղղակի հրաշալի է»,– ասաց նա։
Զբոսաշրջիկների թվում գերակշռում են ռուսները, ովքեր եկել էին Հայաստան` նշելու մայիսյան տոները։ Օլգան ևս Մոսկվայից է, երկրորդ անգամ է Հայաստանում։ «Ուրախ եմ, որ այցելությունս համընկավ այս փառատոնի հետ։ Այս տոնից շատ հաճելի զարմացած եմ։ Ամեն ինչ շատ բարի ու լավ է անցնում։ Ինձ շատ է դուր գալիս Հայաստանը, այստեղ մարդիկ շատ ջերմ են»,– նկատեց նա։

Անտոնը զարմացած է, որ փառատոնին դեռ չի տեսել հարբած մարդկանց:) «Գինին շատ լավն է։ Արդեն գնել եմ տուն տանելու համար։ Այստեղ ամեն ինչ շատ տպավորիչ է։ Չգիտեի, որ Հայաստանում այսպիսի փառատոններ են անցկացվում»,– նշեց նա։
«Գինու օրեր Երևանում» փառատոնի երկրորդ օրը Կարինե Առուստամյանն ու The Band–ը ելույթ ունեցան և ապահովեցին ներկաների ջերմ և պարային տրամադրությունը։ Համեղ գինիներ համտեսելու երևանյան նոր տոնը վայելելու էին եկել նաև հայտնի մարդիկ։
































Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







