Բարեգործական համերգ–աճուրդ` կարիքավոր երեխաների համար
«Մանկական զարգացման հիմնադրամը» երեկ «Ակումբ 12»-ում իրականացրել է բարեգործական համերգ-աճուրդ, որի նպատակն էր հավաքագրել գումար իրենց սպասման ցուցակում գրանցված 50 անապահով երեխաներին մասնագիտական ծառայություններ տրամադրելու համար:
Tert.am Life–ի հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ասաց, որ իրենց մոտ ամսական 150 երեխա է սպասարկվում, սակայն ունեն կարիքավոր երեխաներ, որոնք սպասման ցուցակում են, քանի որ պետպատվերը քիչ է։ «Տարբեր նախագծերի միջոցով փորձում ենք այդ երեխաներին հնարավորություն տալ օգտվելու մասնագիտական ծառայություններից»,– ասաց նա ու հավելեց, որ երեխայի կարիքավոր լինելու աստիճանն իրենք որոշում են ոչ թե նպաստառու լինել–չլինելով, այլ բնակարան այցով։ Իրենք գնահատում են երեխայի սոցիալ–տնտեսական կարգավիճակն ու բարոյահոգեբանական մթնոլորտը, որում նա մեծանում է։
Project 12–ի համերգից զատ կայացել է աճուրդ, որի ընթացքում հիմնադրամի գործընկերների` «Երևան Մոլ»–ի, «Արմ Թաբ Թեքնոլոջիզ»–ի, AWI–ի, Arthur’s Resort–ի, նկարչուհի-ձևավորող Արև Պետրոսյանի, «Նաիրյան» կոսմետիկսի, «Մեգերյան կարպետ»–ի, քանդակագործ Արմենակ Վարդանյանի, «Շարան» արհեստների կենտրոնի, նկարիչ Մհեր Ստեփանյանի, «Պանդոկ Երևան», «Լավաշ», «Շերեփ», «Երևան շաուրմա» հայկական խոհանոցի ռեստորանների, արվեստաբան նկարիչ «Դադայան արտ ֆեշն» ստուդիայի, «Պրոլայֆ ֆիտնես և ժանրիկ ինթերնեշնլ մեդիքալ սպա» կենտրոնի, Հրաչյա Օհանյանի և Քանաքեռ-Զեյթուն ԲԿ–ի տրամադրած ծառայությունների աճուրդից գոյացել է 2 800 000 ՀՀ դրամ։ Կազմակերպիչները նշում են, որ աճուրդին ամենամեծ մասնակցությունը ցուցաբերել է «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ի տնօրեն և համասեփականատեր Հրանտ Հախնազարյանը` 970 000 ՀՀ դրամ։

Հիմնադրամի ֆոնդհայթայթման և զարգացնող խաղերի պատասխանատու Արտյոմ Հախնազարյանը նշեց, որ իրենց ծրագրած գումարը կազմում էր մոտ 7 200 000 դրամ: Միջոցառման արդյունքում հանգանակվել է 8 500 000 դրամ, որը կուղղվի երեխաներին։
«Սա մեր առաջին միջոցառումն է այս մասշտաբով։ Այսօր ներկա են մեր գաղափարներին, ծրագրերին հավատացող մարդիկ։ Իհարկե, կան մարդիկ, ովքեր հարգելի պատճառներով բացակայում են։ Մեզ արձագանքել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը` իրենց բարեգործական ֆոնդից տրամադրելով 1 մլն դրամ»,– ասաց Արտյոմ Հախնազարյանը և հայտնեց, «Բիբլոս բանկ Հայաստան»–ը` ի դեմս Հայկ Ստեփանյանի` իրենց տրամադրել է 1 200 000 ՀՀ դրամ, Հոլանդիայի hայ համայնքը` Արևիկ Առաքելյանի նախաձեռնությամբ հանգանակել է 1 300 000 ՀՀ դրամ, Մանչեսթերի հայ համայնքը Գալինա Բաղիշյանի նախաձեռնությամբ հավաքել է 400 000 ՀՀ դրամ։ Մյուս հանգանակությունների գումարը կազմել է 300 000 ՀՀ դրամ։

Միջոցառմանը մասնակցել է 135 մարդ, ովքեր ներկայացնում էին տարբեր ոլորտներ: Նրանց թվում են եղել Զարուհի Բաբայանը, Նազիկ Ավդալյանը, Արև Պետրոսյանը, Արմենակ Վարդանյանը: Ներկա են եղել ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից (COAF, Project Harmony International, Peace Corp, UNICEF, KFW, World Bank), տեղական բիզնես-ընկերություններ և բանկային ոլորտի ներկայացուցիչներ (AMERIA bank, Byblios Bank, Megerian Carpetner, Yerevan Mall, Avangard Motors, Arthur’s Resort, Armenian Watch Industry և այլն)։
Մուտքի տոմսը 1 անձի համար արժեցել է 12.000 դրամ։ Լուսինե Սիմոնյանը հայտնեց, որ բացառապես բոլոր հյուրերը վճարել են մուտքի համար։ «Քանի որ մեկ երեխայի համար մեկ ամսվա ծառայության գումարը կազմում է 12.000 դրամ, այսպես 2 անձն իրենց մուտքով կարողանում են տալ 1 երեխայի 1 ամսվա ծառայության գումարը։ Բոլոր տոմսերը սպառվել էին միջոցառումից օրեր առաջ։ Վերջին 2 օրում ստիպված ենք եղել 30 հոգու մերժել, քանի որ ակումբում այլևս տոմս չկար»,– հայտնեց նա։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կազմել է 1 500 000 ՀՀ դրամ։




























Լուսանկարները` Գրիգոր Հովսեփյանի







