Ինչպես է անցել «Ուդուլի» տոլմայի 7-րդ ավանդական փառատոնը

16:26 • 20.05.17

 

Հնաբերդ գյուղում այսօր`մայիսի 20-ին, անցկացվեց «Ուդուլի» տոլմայի 7-րդ ավանդական փառատոնը։ Տասնյակից ավելի տաղավարներում տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսականիով ներկայացել են Հայաստանում գործող մի շարք ռեստորաններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր։ Փառատոնն անցկացվում էր ազգային երգ ու պարի ներքո։

 

Թերևս, տաղավարներից ամենաակտիվը «Կիսաբաց լուսամուտներն» էր։ Նարե Արամյանը, որը «Կիսաբաց լուսամուտների» փորձագետն է, Tert.am Life–ի հետ զրույցում նշեց, որ տարեց տարի տոլմայի փառատոնն ավելի է զարգանում և մարդկանց ցանկությունը մեծանում է` համտեսելու տարբեր տեսակի տոլմաներ։

 

«Ուրախ ենք, որ «Կիսաբաց լուսամուտները» նույնպես մասնակցում է համահայկական փառատոնին։ Այսօր մենք ներկայացնում ենք պարսկահայկական մսով տոլման։ Բայց պետք է նշեմ, որ բացի մսով տոլմայից բուսակերների համար ևս կա տոլմայի տեսականի։ Մեր տաղավարում վաճառված տոլմաների ամբողջ հասույթը տրամադրելու ենք բազմազավակ ընտանիքների բարօրությանը»,– ասաց Նարեն։

 

 

Համահայկական փառատոնին տոլմա համտեսելու էին եկել ոչ միայն հայաստանցիներ, այլև զբոսաշրջիկներ։ Մեզ հետ զրուցում նրանք նշեցին, որ շատ են հավանել հայկական տոլման։

 

Փառատոնին հանդիպեցինք նաև ArmComedy–ի հաղորդավար Սերգեյ Սարգսյանին։ Վերջինս նշեց, որ հասցրել է արդեն մի քանի տեսակի տոլմա համտեսել։

 

«Փորձել եմ 4 տարի առաջ «Գրան պրի» շահած տոլման, «Կիսաբաց լուսամուտների» ու առաջին իսկ պատահած տոլմանները։ Բոլորն էլ շատ լավն էին։ Հատկապես, «Կիսաբաց լուսամուտների» տոլման  հրաշք համ ուներ։ Այս միջոցառմանը, գրեթե, ամեն տարի մասնակցում եմ։ Սա երրորդ կամ չորրորդ տարին է։ Չնայած պետք է նշեմ, որ այս տարի հեռու էր ու դժվարությամբ կարողացա տեղ հասնել»,– ասաց Սերգեյը։

 

Փառատոնին ներկայացրած ամենաերկար տոլման` նոր ռեկորդ է։ Այն ուներ 60մ 45սմ երկարություն։ Սա ամենաերկար տոլմայի 7–րդ ռեկորդն է Հայաստանում։

 

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Ինչպես է անցել «Ուդուլի» տոլմայի 7-րդ ավանդական փառատոնը