Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան. 7 միտք Ազնավուրից` կյանքի, սիրո և անցած ճանապարհի մասին
Աշխարհին հայտնի ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին սիրում են ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները։ Ազնավուրը կենդանի լեգենդ է։ Այսօր նրա ծննդյան օրն է։ Նա դարձավ 93 տարեկան։
Tert.am Life–ն առանձնացրել է մեծանուն արտիստի 7 միտք` իր անցած ճանապարհի, սիրո և աշխարհընկալման մասին։
◘ Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ, երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են հետևել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

◘ Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ։
◘ Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, թող բոլորն էլ քեզ իմանան: Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ իր մասին ամեն ինչ հայտնի է դառնալու: Չէ՞ որ դու այդ ամենը միայն հաց վաստակելու համար չես անում, ինքդ էլ ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքրիր դառնա:
◘ Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:

◘ Ձախողում, ձախողման հետևից: Ոչինչ չի ստացվում: Դահլիճից բղավում են` բավական է սուլում են և, ի վերջո, բեմից դուրս վռնդում: Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. «Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է»:
◘ Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ…Ինչ արած, այդ է կյանքը, այդ է սերը:
◘ Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան:







