Հայ երգիչների համերգը նվիրված Շառլ Ազնավուրի 93–ամյակին
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ՝ մայիսի 22-ին, համերգ էր կազմակերպվել լեգենդար ֆրանսահայ շանսոնյե, կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող ու դերասան Շառլ Ազնավուրի 93–ամյակի առթիվ։ Հայկ Պետրոսյանը, Արամոն, Սոնա Ռուբենյանը, Բորյա Եգանյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը, Էդգար Խաչատրյանը, Տիգրան Սուջյանը, Kami Friends Project–ը և Beatman–ը համերգին կատարեցին շանսոնյեի ստեղծագործությունները, ինչպես նաև կատարեցին ստեղծագործություններ իրենց երգացանկից։
Tert.am Life–ի հետ զրույցում Հայկ Պետրոսյանը նշեց, որ Շառլ Ազնավուրի արվեստը մեծ ազդեցություն ունի իր վրա։
«Շառլ Ազնավուրը իմ ամենասիրելի երգիչներից է։ Նա հանճարեղ արտիստ է։ Նրա արվեստն ինձ վրա շատ մեծ ազդեցություն ունի։ Որպես մարդ էլ նա ինձ համար մեծ օրինակ է։ իրենից կարելի է սովորել, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, ինչպես հարթել ուղին, որքան էլ քեզ ասեն ոչ, համառորեն պայքարել նպատակի համար։ Իսկապես, նա մեծ ուսուցիչ է»,– ասաց Հայկը։

Վերջինս պատմեց, թե ինչպես է Փարիզում շանսոնյեի մենահամերգի ժամանակ բռնել իր թաշկինակը։ «Ազնավուրի լեգենդար La Bohème երգը, որը 60 տարի է` մեծ բեմերում հնչում է, ամենասիրելին է։ Երգը մի նկարչի պատմություն է։ Ամեն անգամ այդ երգը երգելիս Ազնավուրը նկարչի կերպար է ընդունում` մի ձեռքին վրձին է, մյուսին` թաշկինակ։ Ազնավուրը երգում է` La Bohème–ը մեր սերն է, մեր ջահելությունը, մեր սոված, աղքատ, բայց ուրախ օրերը և վերջում ասում է` La Bohème–ը էլ ոչինչ չի նշանակում և, կարծես, այդպես կյանքից հիասթափված նետում է թաշկինակը։ Նրա 80–ամյակի համերգին էր Փարիզում։ Երբ նետեց թաշկինակը, բռնեցի։ Մի անգամ էլ 90–ամյակին եմ բռնել, որը նվիրեցի ուրիշ տղայի»,– պատմեց Հայկը։
Երգիչը նշեց, որ մասնակցելու է նաև հունիսի 1–ին կայանալիք համերգին, որը նույնպես նվիրված է Շառլ Ազնավուրի 93–ամյակին։ Այդ օրը համերգին ներկա կլինի հենց ինքը` լեգենդար երգիչը։ Հայկը նշեց, որ մեծ պատասխանատվություն է զգում. «Գլուխս չեմ գովի, բայց Ազնավուր երգելը շատ բարդ է։ Նրա ամեն մի նոտան պետք է ճիշտ վերցնել։ Իհարկե, ես իմ ձևով եմ երգում, բայց աշխատում եմ շատ նուրբ անել այդ ամենը, քանի որ հանդիսատեսը նրա ձայնին է սովոր։ Հունիսի 1–ի համերգին մեծ պատասխանատվություն եմ զգում և ինչ–որ տեղ նաև հուզմունք։ Ընկերներիս կատակով ասում եմ, երբ բեմ բարձրանամ կասեմ մի պահ ինձ մի նայեք ես Ձեր երգը երգեմ»։

Համերգային ծրագրին Հայկը և Սոնա Ռուբենյանը զուգերգով ներկայացրին Formidable երգը։ Սոնան կատարեց նաև Вечная любовь երգը 3 լեզուներով` ռուսերեն, ֆրանսերեն և հայերեն։
«Ազնավուրի բոլոր երգերը կարելի է երգել։ Դրանք երգչին տալիս են այն զգացողությունը, որն օգնում է քեզ զգալ երգիչ, քանի որ այնտեղ կա և՛ պոեզիա, և՛ մեղեդային շատ գեղեցիկ գիծ` ամեն–ամեն ինչ։ Մեծ պատիվ է ինձ համար ներկայանալ նրա ծննդյան տոնին նվիրված համերգին»,– եզրափակեց Սոնան։





'
'
'





Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







