«Ամեն» երաժշտական ներկայացումը միջազգային նախագիծ է հայ ժողովրդի պատմության մասին
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բեմում հունիսի 23–-ին կկայանա AMEN Project ընկերության «Ամեն» երաժշտական դրամատիկ ներկայացում–ներկայացման պրեմիերան։ Նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը Tert.am Life–-ին հայտնեց, որ ներկայացումը նվիրված է հայ ժողովրդի պատմությանն ու մնայուն արժեքներին։
«Սա միջազգային ծրագիր է, որում ներկայացված են տարբեր երկրներից օպերային երգիչներ։ Մենք էքսկուրս ենք անելու մեր ազգի պատմությամբ։ Այն հայ ժողովրդի ծագման, հավատքի, մշակութային կողմնորոշիչների և արժեքների մասին է»,– ասաց Արաքսյան և հավելեց, որ իրենց նպատակն է ցույց տալ, որ չնայած կորուստներին` հայերը շարունակում են սիրել, ստեղծագործել և վայելել կյանքը:
Ըստ նրա` ներկայացման մեջ պահպանված են հայկական երաժշտության ավանդույթները, որոնք ներկայացվում են ժամանակակից բեմական շոուի ձևաչափով։

Թեև ներկայացումը հայ ազգի մասին է, լինելու է իտալերեն։ «Ներկայացման մեջ հայերեն 2-3 կտոր կա, սակայն հիմնական մասն իտալերեն է։ Նախագիծը գրված է կոնկրետ Arena di Verona-ի բեմի համար։ Հնարավոր է` հետո ներկայացումը կյանք ստանա տարբեր լեզուներով, այդ թվում` հայերենով, սակայն հիմա լինելու է միայն իտալերեն։ Կարծում եմ` դա չի խանգարի, քանի որ բեմադրությունն ավելի երաժշտական և օպերային է։ Մենք հասկանում ենք պարի և երաժշտության լեզուն։ Ներկայացումն ազդելու է մարդկանց զգայական մակարդակի վրա և նրանք հասկանալու են, թե ինչի մասին է ներկայացումը»,– ընդգծեց Արաքսյան։
Հայաստանում ներկայացումը կլինի միայն մեկ անգամ։ «Պրեմիերան նախատեսվում էր Իտալիայում, սակայն մենք շատ էինք ուզում, որ մեր ազգի պատմությունը առաջինը հայ հանդիսատեսը տեսնի»,– նկատեց կոմպոզիտորը և հավելեց, որ տոմսերն արդեն բաց վաճառքի են։
Ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքներում` Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում։
.jpg?1495703169737)
.jpg?1495703180066)
.jpg?1495703190386)
.jpg?1495703201245)
.jpg?1495703253477)
.jpg?1495703272549)

.jpg?1495703382445)
.jpg?1495703391152)







