«Կարծեցի՝ վերջ, մահացել եմ». Ավո Ադամյանը «Եղնիկների կածանը» ֆիլմի բարդ տեսարանների և ֆիլմի սաունդթրեքի մասին

11:55 • 03.06.17

20 մասից բաղկացած «Եղնիկների կածանը» շարունակվում է ցուցադրվել Յուքոմ ցանցում գործող «Արմենիա Պրեմումի» եթերում։  2016 թվականի Ապրիլյան պատերազմին նախորդող երկու տարիներին առնչվող ֆիլմի սաունդթրեքի հիման վրա շուտով նոր տեսահոլովակ է նկարահանվելու։ Այս մասին Tert.am Life–ին է հայտնել երգի համահեղինակ, երգիչ, դերասան Ավո Ադամյանը։

 

«Պատրաստվում ենք նոր տեսահոլովակ նկարահանել։ Բայց այդ ամենը բանակցությունների փուլում է։ Չեմ ցանկանում այլ մանրամասներ բացել, քանի որ ավելի լավ է այդ մասի խոսել գործն անելուց հետո»,– ասաց Ավոն։

 

Վերջինս խոսեց երգի ստեղծման պատմության մասին։ «Հրաչ Քեշիշյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում եմ։ Հենց նա առաջարկեց ինձ խաղալ «Եղնիկների կածանը» ֆիլմում և գրել ֆիլմի սաունդթրեքը։ Շատ պատասխանատու առաջարկ էր, բայց ես հանձն առա։ Ընկերներիս` Գարիկ Գևորգիի, Համլետ Առաքելյանի, Արսեն Բարսամյանի հետ իրականացրինք այդ աշխատանքը։ Սցենարին ծանոթանալուց հետո գրեցինք այդ երգը։ Մոտ 9 ամիս աշխատեցինք այդ երգի վրա։ Երգի երաժշտության հեղինակներն են` Գարիկ Գևորգին և ես, խոսքերինը` Համլետ Առաքելյանը, իսկ գործիքավորումն արել է Արսեն Բարսամյանը։ Երգը ես եմ կատարում։ Հրաչ Քեշիշյանի սրբագրությամբ, վերջում, կատարյալ որակ ստացանք։ Շատերի կողմից ենք դրական կարծիքներ լսել»,– պատմեց Ավոն։

 

 

Ի դեպ, երգիչը  ֆիլմում գլխավոր հերոսի` Խորեն Լևոնյանի կերպարի` Դավիթի մոտ ընկերն է։ Նրա կերպարի անունը Հովսեփ է։ Նա օդաչու է կապիտանի կոչումով։ «Ես մասնագիտությամբ ոչ միայն երգիչ եմ, այլև դերասան։ Շատ առաջարկներ եմ ստացել ֆիլմերում նկարահանվելու, բայց միշտ մերժել եմ։ Երբ իմացա, որ Հրաչ Քեշիշյանը նոր ֆիլմ է նկարահանում Հրաչյա Հարությունյանի, Խորեն Լևոնյանի և այլ հայտնի արտիստների մասնակցությամբ միանգամից ընդունեցի առաջարկը։ Սա պրոֆեսիոնալ ֆիլմում նկարահանվելու իմ առաջին փորձն է»,– հավելեց դերասանը։

 

Ավոյի խոսքով` իր համար մեծ պատասխանատվություն էր խաղալ նման ֆիլմում։ «Դերասաններից շատ բան եմ սովորել։ Իրենց փորձով նրանք մեծ օրինակ էին ինձ համար։ Նախքան նկարահանումները սկսելը թիմով փորձեր ենք արել։ Ավելին, քանի որ ֆիլմում Խորենի մարտական ընկերն էի, սկսեցինք ընկերություն անել, որ կերպարային մոտ լինենք դերին։ Նա ինձ ասում էր, որ պետք է շատ շփվենք, կարևոր չէր  թե ինքը որքան զբաղված էր։ Նա էր առաջարկում, որ նախքան նկարահանման օրը, անպայման, հանդիպենք, քայլենք, կարդանք սցենարը, քննարկենք և այլն»,– նշեց Ավոն։

 

Խոսելով բարդ նկարահանումների մասին` Ավոն ասաց, որ անհաղթահարելի թվացող դժվարությունները հաղթահարել է։ «Մանկուց վախեցել եմ բարձրությունից ու ուղղաթիռի ձայնից։  Ամենաբարդ տեսարանն այն էր, երբ ուղղաթիռով գնում էինք աղջիկ ուզելու, և ես պետք է ցատկեի ուղղաթիռի միջից։ Առաջին անգամ  ցատկելիս 3 մետր հեռու ընկա։ Կարծեցի՝ վերջ, մահացել եմ։ Պարզվեց՝ ամեն ինչ լավ է։ Այս նկարահանումների շնորհիվ  մի շարք վախեր հաղթահարեցի։ Ոչ ոքի նախապես չէի ասել, որ բարձրությունից և ուղղաթիռի ձայնից վախենում եմ,»,– եզրափակեց Ավոն։ 

 

«Կարծեցի՝ վերջ, մահացել եմ». Ավո Ադամյանը «Եղնիկների կածանը» ֆիլմի բարդ տեսարանների և ֆիլմի սաունդթրեքի մասին