Արմուշի որդու հաջողություններն ԱՄՆ–ում
ԱՄՆ տեղափոխվելուց հետո դերասան Արմուշը Tert.am Life–ի հետ խոսել էր ոչ միայն ԱՄՆ տեղափոխվելու պատճառների, այլև ամերիկյան միջավայրին ինտեգրվելու մասին։ Նա նշել էր, որ կան որոշակի բարդություններ, որոնք հաղթահարելու համար ժամանակ է հարկավորը։ Այսօր արդեն Tert.am Life–ի հետ զրույցում Արմուշը փաստում է, որ լիարժեք ինտեգրվել են ամերիկյան իրականությանը։
Դերասանի որդին` Դանիելը, սկզբնական փուլում դժվարությամբ էր համակերպվում ԱՄՆ–ում ապրելու մտքին, իսկ հիմա հաջողություններ ունի այնտեղ. նա ճանաչվել է ամսվա լավագույն աշակերտ։
«Սկզբում իր համար շատ դժվար էր, դպրոցում շատ տխուր էր ամեն ինչ. լեզվին չէր տիրապետում շատ էր կարոտում Հայաստանն ու ընկերներին։ Մինչև անգամ լացում էր։ Սակայն ամեն բան հաղթահարեց, ժամանակի հետ ադապտացավ և սկսեց սովորել։ Դժվարություններ եղան, սակայն նա ճանաչվեց մայիս ամսվա լավագույն աշակերտ, պատվոգիր ու մեդալ ստացավ, ինչի համար շատ երջանիկ եմ»,– հպարտությամբ պատմեց Արմուշը։

Դերասանը նկատեց, որ որդին այս ընթացքում մեծ ուշադրություն էր դարձնում լեզվի իմացությանը և 1 տարի անց լավ տիրապետում է անգլերենին։ Դպրոցում ոչ միայն հայ, այլև այլազգի ընկերներ ունի, որոնց հետ ազատ շփվում է։
Դանիելն ամերիկյան դպրոց է հաճախում։ Արմուշը նկատեց, որ որդուն ամերիկյան դպրոց ընդունելու որոշումն արդարացվեց։ «Դանիին շատ հետաքրքիր է դպրոցում, քանի որ էստեղ մեծ ուշադրություն են դարձնում երեխաների ոչ միայն ուսմանը, այլև հոգեվիճակին։ Երեխային շատ չեն ծանրաբեռնում։ Դանին շատ հավեսով է գնում դպրոց և սովորում։ Հատկապես, երբ զգաց, որ գնահատվում է, ավելի է ոգևորվեց»,– նշեց նա։

Դերասանը կարևորում է կնոջ` Լուսինեի դերը որդու առաջադիմության հարցում։ Նրա փոխանցմամբ` Լուսինեն շատ ժամանակ է հատկացնում երեխաների դաստիարակությանը, հետևողական է, որ Դանիելը դասերը բաց չթողնի, ինչն էլ անարդյունք չմնաց։
Զույգի կրտսեր որդին`Էդուարդը, դեռևս մանկապարտեզ չի հաճախում։ Դերասանը նկատեց, որ նա բավականին չարաճճի է և իր դիրքերը չզիջող։) Դանին էլ, զերծ չի մնում չարաճճիություններից, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է:)








