Տիմատիին երկրորդ անգամ Հայաստան բերելու համար լրացուցիչ գումար չեն վճարել. մանրամասներ Տիմատիի բացօթյա համերգի մասին

14:28 • 05.06.17

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ հունիսի 8–ին Հանրապետության հրապարակում  կկայանա Տիմատիի բացօթյա համերգը, որը կազմակերպվել է մայիսի 12–ին Մարզահամերգային համալիրում նրա` բեմ չբարձրանալը փոխհատուցելու համար։

 

Համերգի կազմակերպիչ Jet set ընկերությունն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ընկերության պրոդյուսեր Արմեն Մովսեսյանը հայտնեց, որ այս անգամ Տիմատին ներկայանալու է մենահամերգով։ «Այս անգամ նա ավելի մեծ  ծրագրով է ներկայանալու` 1 ժամ, 40 րոպե տևողությամբ։ Բուն համերգից առաջ կնվագի դիջեյ, որը Black star–ի թիմից է։ Մոտ 40 րոպե անց կսկսվի Տիմատիի համերգը»,– հայտնեց նա։

 

Tert.am Life–ի հարցին` երկրորդ անգամ Երևան գալու և ավելի երկար ծրագրով ներկայանալու համար Տիմատիին լրացուցիչ հոնորա՞ր են վճարել, պրոդյուսերը պատասխանեց` ոչ. «Որպես այդպիսին, հոնորար, Տիմատիին չենք տալու։ Նա անվճար է երգելու»։

 

 

Չկայացած համերգի հետևանքով երկրորդ համերգ կազմակերպելու և տեխնիկական խնդիրները վերացնելու համար ընկերությունը կրել է ֆինանսական վնասներ, սակայն գումարի չափի մասին խոսել չեն ցանկանում։ «Մենք տուժել ենք այնքանով, որ դա  չնախատեսված խնդիր էր։ Թե՛ մենք, թե Տիմատին այդ պահին որոշեցինք  կազմակերպել ևս մեկ համերգ, որը կլինի անվճար»,– ասաց ընկերության միջոցառումների կազմակերպիչ Արմինե Խախամյանը։

 

Այնուամենայնիվ, ընկերության ներկայացուցիչները նկատեցին,  որ կոմերցիոն համերգից իրենք շահույթ չեն ունեցել, այդ մասին խոսք լինել չի կարող։ Ընկերության  հիմնադիր Արման Ալեքսանյանի խոսքով` երկրորդ համերգը կազմակերպելու համար եռակի ծախս է պահանջվել։

 

«Հունիսի 8–ին մեծ համերգ է լինելու։ Հայաստանում նման  հնչողություն չի եղել»,– վստահեցրեց նա, ապա հայտնեց, որ մեծ թվով տեխնիկա են բերում Հայաստան։

 

 

Թեև հայտարարվեց, որ Տիմատին անվճար համերգ կունենա Հայաստանում, կային մարդիկ, ովքեր դժգոհ էին արդյունքից և պնդում էին, որ հետ են ստանալու տոմսերի համար վճարած գումարը։ Ընկերության հիմնադիրը հայտնում է, որ գումարի վերադարձի նախադեպ իրենք չեն ունեցել։  

 

«Մենք չենք խոսում, որ համերգը չի կայացել։ Համերգը կայացել է։ Երկուսուկես–երեք ժամ մարդիկ ուրախացել են համերգին, եղել է «ֆորս մաժոր», սակայն գումար վերադարձվել չի կարող։ 6 ամիս ընկերությունն աշխատել է, որ այդ համերգը կայանա, ահռելի գումարներ են ծախսվել։ Եռապատիկ գումար է ծախսվում, որպեսզի այս համերգը  կազմակերպվի։ Շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և Black star–ին, որ աջակցում են կազմակերպել այս համերգը»,– նշեց նա։

 

Պրոդյուսերն էլ նշեց, որ դա շատ վիճելի հարց է. «Կան մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, մարդիկ էլ կան, ովքեր շնորհակալություն են հայտնում, որ երկուսուկես ժամ վայելել են հիանալի համերգ։ Հատուկ դժգոհողների համար կազմակերպում ենք ևս մեկ անվճար համերգ»։

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Տիմատիին երկրորդ անգամ Հայաստան բերելու համար լրացուցիչ գումար չեն վճարել. մանրամասներ Տիմատիի բացօթյա համերգի մասին