««Ոսկե ծիրանը» կարողանում է ջերմություն, ուրախություն բերել Հայաստան». Արմեն Ամիրյան
Ազդարարվեց «Ոսկե ծիրան» 14–րդ միջազգային փառատոնը։ Այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9–16–ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին` ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
««Ոսկե ծիրանը» հայկական իրականության մեջ ոչ միայն կինոյի տոն է, նաև մշակույթի տոն։ Փառատոնն ամեն տարի կարողանում է ջերմություն, ուրախություն բերել Հայաստան: «Ոսկե ծիրանը» կինոյի զարգացման մեր հայեցակարգում կարևորագույն դերակատարություն է ունենալու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ մտքեր են փոխանակում կինոարտադրողները, կինոգործիչները, այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտով»,– ասաց Արմեն Ամիրյանը։

Փառատոնի գործընկերն է ՎիվաՍել–ՄՏՍ–ը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ «Ոսկե ծիրանը» արժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է։ «Կինոփառատոնն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար։ Հպարտ եմ տարիների մեր համագործակցության և փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,– ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտնեց, որ այս տարի Փառատոնը ստացել էր մոտ 1100 հայտ` 96 երկրներից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդունվել է ավելի քան հարյուր ֆիլմ։ «Փորձում ենք «Կանի» փառատոնի 7–8 լավագույն ֆիլմերն այս տարի բերել։ Նշեմ, որ այս անգամ նորամուծություն ենք արել և հանդիսատեսին էլ ենք ընդգրկել ֆիլմերի ընտրության հարցում։ Խրախճանք է լինելու կինոդիտողների համար»,– դիտարկեց Հարություն Խաչատրյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում տարբեր երկրների ժյուրիներ են ընդգրկված` Մեծ Բրիտանիաից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Հունգարիայից, ԱՄՆ–ից, Նիդերլանդներից, Իտալիայից, Մակեդոնիայից, Վրաստանից, Գերմանիայից և Հայաստանից։
Կինոփառատոնին կմեկնարկի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմով, իսկ փակումը` Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտարդրություն» ֆիլմով։







