Տիմատին հրաշալի տրամադրությամբ ժամանեց Երևան
Ռեփեր Տիմատին կրկին ժամանեց Երևան։ Վաղը՝ ժամը 20.00-ին, Հանրապետության հրապարակում կկայանա երգչի բացօթյա համերգը։ Այս անգամ Տիմատին կներկայանա մենահամերգով, որը կտևի 1 ժամ, 40 րոպե։
Tert.am Life-ը եղել է օդանավակայանում և ֆիքսել երգչին դիմավորելու պահը։
Ռեփերը ժամանեց Զվարթնոց օդանավակայանի VIP սրահով, նրան դիմավորելու համար օդանավակայան էին բերել 3 մեքենա՝ Rolls Royce, Toyota Camry և Brabus։ Տիմատին նստեց Rolls Royce մակնիշի ավտոմեքենան։
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ ռեփերն այս անգամ 1 օր շուտ է ժամանել Երևան, քանի որ այսօր մասնակցելու է հայկական հարսանիքի, որի ժամանակ պետք է մի քանի երգ կատարի։
Մեր հարցին, թե ինչ տրամադրությամբ է ժամանել Երևան, ռեփերը պատասխանեց. «Ինչպես միշտ, հրաշալի»։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ է սպասվում հանդիսատեսին այս անգամ։ «Վաղն ամեն ինչ կտեսնեք»,– ասաց ռեփերը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ևս Տիմատին ժամանել էր Երևան, սակայն բեմ չբարձրացավ։ Ելույթ ունեցան միայն Քրիստինա Սին, Մոտը և L՛One–ը։ Կազմակերպիչները պատճառաբանեցին, որ համերգի ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Որպես փոխհատուցում` կազմակերպվեց բացօթյա անվճար համերգ Հանրապետության հրապարակում։










Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի







