Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Արամ MP3–ի և Իվետա Մուկուչյանի նոր նախագծի շնորհանդեսին

23:43 • 10.06.17

Արամ MP3–ն և Իվետա Մուկուչյանն իրենց երկրպագուների համար նոր նախագիծ են պատրաստել. գարնանը ներկայացված  «Դաշտերով» զուգերգը առիթ հանդիսացավ նոր համագործակցության, որի շրջանակներում նոր ձևավորված դուետը ներկայացնում է հայկական ժողովրդական երգերը նոր շնչով և իրենց ձեռագրով։ 9 երգ ներառող նախագծի խորագիր է ընտրվել դրա հիմք հանդիսացած «Դաշտերով» երգի անունը։

 

Նախագծի սկիզբն ազդարարվեց շնորհանդես–համերգով, որին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը։ Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

 

«Մենք ցանկանում էինք մեր գանձերը` հին ժողովրդական երգերը, վերանորոգել և այնպես անել, որ երիտասարդները սիրեն դրանք։ Այս նախագծում ներդրել ենք մեր տեսակն ու բնավորությունը։ Միասին աշխատելը շատ հաճելի է։ Ես և Արամն իրար շատ լավ ենք հասկանում, քանի որ երաժշտական նույն ճաշակն ունենք»,- ասաց Իվետան ու հավելեց, որ ստեղծագործական թիմում հավաքվել են մարդիկ, որոնք շատ լավ ընկերներ են։

 

 

 

«Մեր նախագծի բուն իմաստը մեր երգերին նոր շունչ տալն է։ Ցանկանում ենք, որպեսզի մեր ժողովրդական երգերը հնչեն նաև ակումբներում։ Քանի որ երկուսս էլ ինչ–որ չափով հանդիսատես ունենք դրսում, «Դաշտերով» երգի ժամանակ շատ արձագանքներ եղան նաև դրսից։ Արդյունքում առաջացավ մեծ նախագիծ անելու միտքը։ Կփորձենք նախագիծը ներկայացնել նաև մեր արտերկրի լսարանին»,– պատմեց Արամը։

 

Իվետան հայտնեց, որ երգերի ընտրության և մշակման հարցում առավել մեծ դերակատարում է ունեցել Արամը։ «Քանի որ ես մեծացել եմ Գերմանիայում, ինձ համար շատ հետաքրքիր, բայց նոր քայլ էր մտնել այս ամենի մեջ։ Կարծում եմ` որքան էլ դրսում ապրես, այս ամենն արյանդ մեջ է»,– ասաց նա։

 

Արամն էլ նկատեց, որ երգերի մեծ ընտրություն են ունեցել, սակայն ընտրել են առավել հայտնի և սիրված տարբերակները.  «Իհարկե, կար նաև ռիսկ, որ հնարավոր է` քարկոծեն, բայց երկուսս էլ նուրբ ենք վերաբերել երգերին։ Փորձել ենք սիրով վերաբերել երգերին, ոչ թե փոփոխել»։

 

 

 

Արամը նշեց, որ մինչև նախագծի շնորհանդեսը երգերը ցույց են տվել պրոֆեսիոնալ մարդկանց, լսել նրանց խորհուրդները և ստացել դրական արձագանքը։ Հիմա սկսել են նոր տեսահոլովակ նկարահանելու նախապատրաստական աշխատանքները։ Այս փուլում փորձում են  կողմնորոշվել` տեսահոլովակը կլինի բոլոր երգերի միքսի՞, թե՞ մեկ երգի հիման վրա։

 

Հնարավոր է նաև`  առաջիկայում նաև ալբոմ թողարկվի երգերի հիման վրա, քանի որ նախագիծն արդեն պատրաստ է։ «Դաշտերով» նախագիծը չի նշանակում, որ Արամն ու Իվետան դադարելու են անհատական գործունեությունը։ Նրանք զուգահեռաբար շարունակում են աշխատել իրենց անհատական երգերի վրա։

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Շոու բիզնեսի հայտնի դեմքերը` Արամ MP3–ի և Իվետա Մուկուչյանի նոր նախագծի շնորհանդեսին