«Եղնիկների կածանն» ավարտվում է. ինչով էր այն բացառիկ

19:44 • 10.06.17

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հունիսի 10 և 11-ին՝ ժամը 21-ին, կցուցադրվեն «Եղնիկների Կածանը» բազմասերիանոց ֆիլմի եզրափակիչ սերիաները։ Ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարի համահեղինակ Հրաչ Քեշիշյանի խոսքով, շատ կարևոր և հուզիչ վերջաբան է սպասվում։

 

Եղնիկների կածանը ֆիլմը ունեցել է բարձր վարկանիշ: Հրաչ Քեշիշյանի խոսքով` վերջին օրերին շատ նամակներ են ստանում Արմենիա TV-ի պաշտոնական էջին, հեռուստադիտողները ցանկանում են իմանալ, թե ինչպես կավարտվի ֆիլմը: «Մարդիկ դիտում են, սպասում և հուզվում, ցանկանում են իմանալ՝ ինչ կլինի ավարտին: Արձագանքներից շատ տպավորված եմ: Հեռուստադիտողին կարողացել ենք հասցնել որոշ մեսիջներ, պատգամներ, որ դրել էինք ֆիլմի հիմքում»,- Tert.am Life-ին ասաց Հրաչ Քեշիշյանը:

 

20 մասից բաղկացած միստիկական-ռազմական դրամայի հիմքում իրական իրադարձություններ են, բոլոր կերպարները և հետագա զարգացումները հորինված են: Այս ֆիլմը բացառիկ էր իր նկարահանման մասշտաբներով, բարդությամբ, դերասանական կազմով և խորը դիալոգների մշակմամբ։

 

«Սա այն ֆիլմերից է, որտեղ սցենարը և խելացի դիալոգները կարևոր են, մակերեսային տեքստեր, զրույցներ չկան: Հեռուստադիտողի արձագանքից ելնելով` կարող եմ ասել, որ ֆիլմն իրական է ստացվել: Սա իրական կյանքի, մարդկանց մասին է, զինվորականների և լրագրողների կյանքի պատմություն: Մենք կարողացել ենք հասնել մեր նպատակին»,- նկատեց  նա:

 

 

Նկարահանումները մասշտաբային են եղել։ Նկարահանվել է ավելի քան 75 տեղանք և վայր: Ֆիլմի տեսարանների համար կառուցվել է քոչվորների բնակատեղի Արագածի ստորոտին: Ստեղծագործական խումբը և տվյալ տեսարանում զբաղված դերասանները ոտքով հաղթահարել են ձյունապատ Արագածը՝ հասնելով մինչև 2000 մ բարձրության:

 

«Նկարահանումները կատարվել են ձմռան ամիսներին, հիմնականում,  դրսում, արել ենք մեկ քայլ առաջ՝ ավելի որակով աշխատանք ստանալու համար:  Սա մեկ քայլ առաջ է հայկական հեռուստատեսային ինդուստրիայում»,- նշեց Հրաչ Քեշիշյանը:

 

Բարդ նկարահանումների ընթացքում ֆիլմն ունեցել է նաև ռոմանտիկ պահեր։  Ստեղծագործական խմբի աշխատակցուհին և երիտասարդ օդաչուն սիրահարվել են:

 

Ֆիլմում խաղացել են Խորեն Լևոնյանը, Աիդա Թորոսյանը, Հրաչյա Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Սոֆի Դևոյանը, Արման Պետրոսյանը, Արամ Կարախանյանը, Լիլիթ Վարոսյանը, Արմեն Մարգարյանը, Ռոզի Ավետիսովան, Ավո Ադամյանը, Ներսես Ավետիսյանը, Արմեն Լևոնյանը, Մայիս Սարգսյանը, Մխիթար Ավետիսյանը, Դավիթ Հակոբյանը, Արսեն Սաֆարյանը, Արսեն Լևոնյանը, Ալեքսանդր Պաշկովը, Ջումբեր Կուկիելին և այլք։

 

 

«Պատահական որևէ արտիստ ընտրված չէ, նույնիսկ, ամենափոքր դերերում հայտնի դերասաններ են նկարահանվել: Աշխատել ենք ֆիլմում խուսափել պաթետիզմից, չկա ավելորդ հայրենասիրական կոչ, բայց ֆիլմի կարևոր գաղափարը հայրենիքն է, ինչպես ենք մենք ընկալում այն,  ինչ ենք անում՝ մեր լավ ու վատ գործերով, մեր սխրանքներով ու անկումներով: Պատերազմը միայն ռազմի դաշտում չէ, պատերազմը մեր ամբողջ կյանքն է, 1990 թվականից մինչև այսօր, պատերազմն արտացոլվում է մեր յուրաքանչյուրի արարքի մեջ: Ֆիլմում չկա անտիհերոս,  այն հավաքական կերպար է, որը մարմնավորվում է գլխավոր հերոսի հորը սպանողի մեջ»,-պատմեց Հրաչ Քեշիշյանը:

 

Դրամայում ադրբեջանցի սպայի մարմնավորելու համար հրավիրվել է վրաց դերասան Ջումբեր Կուկիելին։ Դերասանուհի Աիդա Թորոսյանը հատուկ այս ֆիլմում խաղալու համար հրավիրվել է Միացյալ Նահանգներից։ Նկարահանումներին մասնակցել է ռուս դերասան Ալեքսանդր Պաշկովը։ Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել են Արսեն Սաֆարյանը, Ավո Ադամյանը և Խորեն Լևոնյանի որդին` Արմեն Լևոնյանը:

 

«Եղնիկների կածանն» ավարտվում է. ինչով էր այն բացառիկ