«3 տարի անց եղավ հրաշք». Գայանե Փայտյանը 43 տարեկանում մայրանալու և դուստրերի մասին

11:28 • 15.06.17

Հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը զույգ աղջիկ է ունեցել։ Փոքրիկները լույս աշխարհ են եկել այսօր` հունիսի 15–ին, Էրեբունի բժշկական կենտրոնում։ Ծնողներն աղջիկներից մեկին տվել են Էվա, մյուսին` Էլլա անունը։ Մայրանալուց հետո Գայանեն առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life–ին և պատմել, որ փոքրիկների անվան ընտրությունը ինքն ու ամուսինը` Էդուարդը, համատեղ են արել։

 

Գայանեից տեղեկացանք, որ քիչ էր մնում փոքրիկները տարբեր օրեր ծնվեին. մեկը լույս աշխարհ է եկել ուղիղ 00։00–ին, մյուսը` 00։03 րոպեին։ «Դեռ փոքրիկներին չեն բերել ինձ մոտ։ Միայն գիշերն եմ տեսել երեխաներիս։ Այսպիսի զգացողություն երբեք չեմ ապրել։ Մի քանի ժամվա ընթացքում կյանքս շատ փոխվեց»,– ասաց երջանիկ մայրիկը։

 

Ըստ նրա` աղջիկները բացարձակ նման չեն միմյանց։ «Մեկը սևուկ է, մյուսը` սպիտակամորթ։ Իրար նման չեն, և դա բնական էր, որովհետև իրենք տարբեր պարկերում էին զարգանում։ Դեռ չենք կողմնորոշվում` ում են ավելի նման։ Կարծես թե, մեկը ինձ, մյուսը` ամուսնուս»,– նկատեց Գայանեն։

 

 

Երեք տարի առաջ հեռուստամեկնաբանը պայքարում էր ծանր հիվանդության դեմ։ Այն հաղթահարելուց հետո նա քանիցս նշել է, որ վերաիմաստավորել է իր կյանքը։ Հետաքրքիր զուգադրությամբ 3 տարի առաջ հենց հունիսին Գայանեն վերադարձավ եթեր։ Այսօր արդեն նա  երկու փոքրիկ է ունեցել` կրկնակի երջանկացնելով ամուսնուն` Էդուարդին։ «Սա պայքարելու, ապրելու, վատը հաղթահարելու շատ լուրջ որոշում էր։ Ինձ մոտ նոր կյանք է սկսվել։ Իհարկե, ինձ համար շատ դժվար էր։ 3 տարի առաջ չէի էլ մտածում` ինչ է լինելու հետո։ 3 տարի անց եղավ հրաշք»,– ոգևորությամբ ասաց նա։

 

Հայաստանում 40 տարեկանից հետո կանայք մտածում են, որ այլևս չեն կարող մայրանալ։ Գայանեն իր առաջնեկ աղջիկներին լույս աշխարհ բերեց 43 տարեկանում։ «Իհարկե, կային մտավախություններ։ Միայն ես չէ, բժիշկներն էլ են ունեցել այդ մտավախությունները, սակայն երբ տեսնում ես, որ աշխարհում դա այն տարիքը չէ, որից վախենում են երեխա ունենալիս, ոգևորվում ես։ Ավելի շուտ չունեի երեխա ունենալու հնարավորություն, որովհետև իմ առողջական խնդիրները լուծելով էի զբաղված»,– ասաց Գայանեն ու նկատեց, որ հղիության ընթացքը նորմալ է անցել` առանց հատուկ բարդությունների։ Հիմա թե՛ Գայանեն, թե՛ փոքրիկներն իրենց լավ են զգում։

 

«3 տարի անց եղավ հրաշք». Գայանե Փայտյանը 43 տարեկանում մայրանալու և դուստրերի մասին