«Մեր ոլորտում չկա մի աղջիկ, որն ընկերական կապեր չունի». Տաթև Սարգսյանի պատասխանն իրեն անբարոյական համարողներին

17:36 • 19.06.17

Դերասանուհի Տաթև Սարգսյանը վերջին շրջանում անընդհատ քննադատությունների կիզակետում է։ Նախ` նրան մեղադրեցին վատ ընկերուհի լինելու, ապա ինքափիառով զբաղվելու համար, այսօր արդեն էլեկտրոնային մամուլում հրապարակում հայտնվեց նրա բարոյականության մասին` «45-ամյա կինն իր փորձով գլուխը պատովն է տվել 24-ամյա Տաթև Սարգսյանի սիրային կապերի համեմատ» վերտառությամբ։ Ըստ այդմ` նա ժամանակին սիրավեպ է ունեցել Ռիչարդ Մադլենյանի, Դավիթ Մարդյանի, Նիկոլայ Եղիազարյանի, Ռաֆայել Երանոսյանի հետ։ Անդրադարձ էր եղել նաև Տաթևի նշանադրությանը և ամուսնությունից առաջ այն չեղյալ համարելուն։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Տաթևն ասաց, որ վերոնշյալ տղաների հետ հարաբերությունների մասին վաղուց է խոսել։ «Ռիչարդին, առհասարակ, չգիտեմ` ինչպե՞ս կարելի էր անդրադառնալ, որովհետև այն ժամանակաշրջանում, երբ մենք  ծանոթ էինք, նա հարաբերություններ ուներ Լիկա Սալմանյանի հետ։ Գոնե պետք է փորձել մի քիչ ադեկվատ լինել, մեկնաբանությունների մեջ պետք է զգույշ լինել, որովհետև կողքից շատ ծիծաղելի է, երբ 2 նախադասության մեջ շատ թերություններ ես գտնում»,– ասաց նա։

 

Տաթևը նշեց, որ միշտ էլ ունեցել է տղա ընկերներ, և դա նորմալ երևույթ է։ «Մեր ոլորտում չկա մի աղջիկ, որն ընդհանրապես ընկերական կապեր չունի, որպես ընկեր`տղա հասկացողություն չկա իր կյանքում։ Եթե այդ ամենն  անդրադառնում է բարոյականության վրա, իսկապես ինչ–որ բան կյանքում սխալ եմ ընկալում, պետք է վերանայեմ ինձ և հեղափոխություն անեմ իմ տեսակի մեջ։ 6 տարի է` աշխատում եմ այս ոլորտում, ունեմ բազմաթիվ ընկերներ։ Չգիտեմ` հիասթափեցնում եմ, թե ոչ, սակայն թե՛ մեր, թե՛ այլ ոլորտներից կան շատ տղամարդիկ, որոնք ինձ շատ հարազատ են։ Ցավում եմ, որ ինչ–որ մեկի մտածելակերպով, եթե կողքիդ տղամարդ է կանգնած, դա միայն անձնական կապ է ենթադրում»,– ասաց նա։

 

 

Անդրադառնալով ամուսնության նախաշեմին իր նշանադրությունը չեղյալ համարելուն` Տաթևը նշեց, որ ինքը ոչ այն ժամանակ է խոսել, ոչ էլ հիմա է մեկնաբանելու պատճառները։ «Երբ չցանկացա խոսել նշանս հետ տալու պատճառների մասին, պատրաստ էի, որ լինելու են նման խոսակցություններ։ Այն մարդիկ, որոնք չգիտեն ճշմարտությունը, իրենց «ճշմարտությունն» են հորինում։ Ինչ վերաբերում է այդ ամենի հաշվին ինքնափիառ անելուն, եթե հանրային մարդու կյանքում նման իրադարձության մասին խոսելը դիտվում է որպես ինքափիառ, թող այդպես ընկալվի։ Միայն հեղինակի մոտ է այդպես ընկալվում, որովհետև 2 տարի առաջ, երբ այդ մասին խոսում էի, մարդկանցից միայն դրական արձագանքներ էի ստանում»,– ասաց նա։

 

Տաթևը նշեց, որ իր համար անհասկանալի է քննադատությունների այս ալիքը. «Չգիտես ինչու են այդքան լարված խոսակցություններ սկսվել անձիս հետ կապված։ Տարօրինակ է, որովհետև 3 տարի էկրաններին չլինելուս ընթացքում մարդիկ միշտ հետաքրքրվել են` երբ եմ վերադառնալու եթեր, ասել են, որ ինձ կարոտել են, մեկ էլ տեսնում եմ այսպիսի արձագանք»։

 

«Մեր ոլորտում չկա մի աղջիկ, որն ընկերական կապեր չունի». Տաթև Սարգսյանի պատասխանն իրեն անբարոյական համարողներին