Երևանում առաջին անգամ կանցկացվի Փողային գործիքների միջազգային փառատոն

16:08 • 20.06.17

Հունիսի 25-30-ը Երևանում կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, սակայն կազմակերպիչները վստահ են՝ կդառնա ամենամյա։ Tert.am Life–ի հետ զրույցում փառատոնի պրոդյուսեր, Օպերայի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանն ասաց, որ այսպիսի փառատոններն աշխարհում շատ քիչ են։

 

«Յուրահատուկ ձևաչափով փառատոն է, որով հետաքրքրված են աշխարհի տարբեր կետերի երաժիշտներ։ Մոտ 3 տարի առաջ այսպիսի փառատոն կազմակերպվեց Թբիլիսիում և մեծ հաջողություն ունեցավ։ Եվրոպացիների համար սա շատ յուրահատուկ փառատոն է, որին ցանկանում են, անպայման,  մասնակցել։ Շատերն իրենց հաշվին են գալիս Հայաստան` հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով»,– ասաց պրոդյուսերն ու նկատեց, որ ունեն մոտ 40 մասնակից` Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:

 

Փառատոնի շրջանակում մրցութային ծրագիր չի նախատեսվում։ «Սա մրցույթ չէ, փորձի փոխանակմանն ուղղված փառատոն է, որի շրջանակում կլինեն նաև վարպետության դասեր։ Գերմանիայից և Սերբիայից հրավիրել ենք բարձրագույն փողային գործիքներ վերանորոգող վարպետների, որոնք, իբրև աջակցություն փառատոնին, անվճար կնորոգեն հայաստանյան փողային գործիքները»,– նշեց նա։

 

 

Փողային գործիքների միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Կամերային երաժշտության տանը։ Ելույթ կունենա Կամերային նվագախումբը` (դիրիժորներ Վահան Մարտիրոսյան և Կարեն Դուրգարյան): Շմավոն Գրիգորյանը հայտնեց, որ  փառատոնային 5 օրվա ընթացքում սպասվում են նաև ելույթներ Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում, Կոմիտասի թանգարանում, Արամ Խաչատրյանի թանգարանում, Նարեկացի արվեստի կենտրոնում։

 

Արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին:

 

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է: Նախագիծն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: