«Հայ հանդիսատեսը շատ կրթված և պատրաստված է». Արաքսյա Մուշեղյանը` «Ամեն» նախագծի մասին
Հունիսի 23–ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա «Ամեն» երաժշտական դրամատիկ շոու–ներկայացման պրեմիերան։ Նախագիծը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, մնայուն արժեքներին և քաղաքակրթության պատմության մեջ ունեցած բացառիկ դերին։ Այսօր կայացավ բեմականացման փորձը, որին ներկա էր նաև Tert.am Life–ը։
Նախագծի կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանն ասաց, որ իրենք փորձել են նոր հնչողություն ստանալ։ «Ես շատ եմ սիրում մեր գործիքները, սակայն, երկար տարիներ աշխատելով արտերկրի երաժիշտների հետ, հասկացել եմ, որ մեր գործիքները բարդ են ընկալվում արտերկրում, երբ շատ փակ ենք ներկայացնում` մաքուր դուդուկ, մաքուր զուռնա։ Մենք փորձեցինք գտնել տարբերակ, որպեսզի նախագիծը հետաքրքրի այլազգիներին, սակայն հայերին էլ դուր գա։ Ամենաբարդ խնդիրն էր մեր ժողովրդական գործիքները ներձուլել այնպիսի հնչողության մեջ, որպեսզի հետաքրքիր լինի»,– նշեց նա։
Կոմպոզիտորը նկատեց, որ նախագծի իրականացումը բավականին բարդ է և՛ տեխնիկական, և՛ երաժշտական առումով։ «Ամեն օր շտկումներ ենք անում։ Ինչ–որ բան ստեղծելիս կարևոր է հասկանալ` հնարավո՞ր է իրականացնել, թե՞ ոչ։ Երբ մենք սկսում էինք նախագիծը, բոլոր կողմերից ասում էին` դա հնարավոր չէ, սակայն մենք գիտեինք մեխանիզմը` ինչպես կարելի է ստանալ այդ ամենը»,– ասաց նա։
.png?1498051222033)
Արաքսյան համաձայն չէ, թե հայ հանդիսատեսն ընդունում է այն, ինչ իրեն մատուցում են և երաժշտական ցածր ճաշակ ունի։ «Երբ լավ բան ես անում, հանդիսատեսը գնահատում է։ Մեր հանդիսատեսը շատ կրթված և պատրաստված է»,– նկատեց նա, ապա հավելեց, որ ՄՀՀ դահլիճը համապատասխան է աշխարհի լավագույն բեմերի չափանիշներին։
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էլ նկատեց, որ եղել է նախագծի ակունքներում։ «Շատ կողմ եմ նման նախագծի իրականացմանը։ Սա շոու չէ։ Այստեղ չկան ամբիցիաներ։ Դեռ շատ խմորված և թեթև տրվում է ինքնաճանաչողական մի մոդել, որպեսզի ազգը կարողանա կողմնորոշվել` ով է ինքը։ Մենք չենք շարժվում այն նախագծերով, որը մեզ թելադրում է աշխարհը, ներկայացնում ենք նախագիծ, որով կկարողանանք պահպանել մեր հայկական տեսակը։ Համոզված եմ` այս ամենը կունենա շարունակություն։ Սա քաղաքականություն չէ, սա մարդու զարգացման ամենաէական ճանաչողության խնդիրն է»,– ընդգծեց նա։
Հայաստանում ներկայացումը կլինի միայն մեկ անգամ։ Պրեմիերան նախատեսվում էր Իտալիայում, սակայն կազմակերպիչները հետամուտ են եղել, որ հայ ազգի պատմությունը առաջինը հայ հանդիսատեսը տեսնի։
.png?1498051239515)
.png?1498051248584)
.png?1498051265903)







